Ռեկտորատի մարտի 10-ի հերթական նիստը, որը վարում էր ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, քննարկեց վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերին, աշխատանքային կիսամյակի անցկացումը բարելավելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին եւ քոլեջների, բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական կուրսերի դիպլոմային/ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության նախապատրաստական գործընթացներին առնչվող հարցերը։
Աշխատանքային կիսամյակների նորարարական գործելակերպի ներդրման հաջողությունը կայացած փաստ է, որը ռեկտորատը նախորդիվ արդեն արձանագրել է․ այս անգամ քննարկման թիրախը հաջողության հարակայունության ապահովումն էր։ Սա մասնավորապես ներառում է փորձուսուցման վայրերում աշխատանք ստանալու դրական զարգացման՝ առանձին ուսանողների պարագայում ստվերոտ կողմը՝ դասերից բացակայությունները։ Այս առումով պրոռեկտոր Զաքոյանը հանձնարարեց սերտորեն աշխատել գործատուի հետ՝ այդպիսի ուսանողների համար լուծումներ գտնելու ուղղությամբ։
Աշխատանքային կիսամյակներին առնչվող մյուս նորօրյա զարգացումը բուն գործատուների ընտրության բարելավումն է։ Դեկանների զեկուցումներից պարզ դարձավ, որ համալսարանի հետ համագործակցող գործատուների անընդհատ ընդլայնվող ցանկում մենք ընտրության լայն հնարավորություն ունենք, եւ սա մեզ թույլ է տալիս, ինչպես ձեւակերպվեց ռեկտորատում, ազատվել որոշ «կամակոր» գործատուներից։ Ընդ որում, այլընտրանքի լայն հնարավորություն ունեն բոլոր ֆակուլտետները՝ թե կիսամյակն ավելի արդյունավետ անցկացնելու, թե նոր գործատուների ներգրավման եւ թե վճարովի փորձուսուցման մասնաբաժինն ավելացնելու տեսակետից։
Պրոռեկտոր Զաքոյանի ամփոփիչ հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ հաջորդ աշխատանքային կիսամյակն էլ ավելի հաջողված է լինելու՝ պատասխանը միահամուռ դրական էր։
Դիպլոմային աշխատանքների եւ նախագծերի ժամանակին եւ պատշաճ որակով պաշտպանության նախապատրաստական աշխատանքները քննարկելիս ռեկտորատի ուշադրությունը գլխավորապես սեւեռված էր արդեն ի հայտ եկած խնդիրների հաղթահարմանը։ Նախօրոք կատարված աշխատանքների շնորհիվ ընդհանուր առմամբ գործընթացը բնականոն հունով է ընթանում, իսկ թերություններն, ըստ դեկանների, շտկելի են։ Քննարկվող հարցի վերաբերյալ պրոռեկտոր Զաքոյանի դիրքորոշումը հստակ էր․ անպատասխանատվության եւ անկարգապահության ամեն մի դրսեւորում սկզբունքային վերաբերմունքի կարժանանա։ «Կարգապահությունը համալսարանի գործունեության անքակտելի մասն է։ Անկարգապահության մեջ «մասնագիտացած» որոշ ուսանողների կարգապահություն եւ ժամանակի կառավարում սովորեցնելը մասնագիտական կրթությունից ոչ պակաս կարեւոր է»։ Պարոն Զաքոյանն ասաց, որ պաշտպանությունից առաջ առնվազն 20-օրյա նախապատրաստական ժամկետը սահմանվել է որակի ապահովման, լրացումների, խորհրդատվության, նախնական պաշտպանության նպատակներով։
Քննարկված ընթացիկ հարցերից մեկը վերաբերում էր երեք անգամ քննությունների չմասնակցած, ինչպես նաեւ մասնակցած եւ 12 կրեդիտից ավելի պարտքեր ունեցող ուսանողներին միայն մեկ առարկայի քննություն վերահանձնելու եւս մեկ հնարավորություն տալուն։ Այս հարցում ռեկտորատն առաջնորդվեց, մասնավորապես, կառուցվածքային փոփոխությունից հետո հեռակա ուսուցման համակարգի՝ դեկանատներին ինտեգրվելու ոչ դյուրին գործընթացն ավելի սահուն դարձնելու անհրաժեշտությամբ։ Բոլոր դեպքերում, պրոռեկտոր Զաքոյանի ձեւակերպմամբ, կան կարմիր գծեր եւ «ամենավատ իմաստով աչքի ընկածները» հեռացվելու են։