Մայիսի 13-ին կայացավ ռեկտորատի հերթական նիտը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ: Ուսումնական պարապմունքների կազմակերպման եւ երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների անցկացման վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան դեկանները, Հեռակա ուսուցման դեպարտամենտի պետը, Ագրոբիզնես դեպարտամենտի պետի տեղակալը, քոլեջների տնօրենները։
Նիստի ընթացքում թվարկված ձեռքբերումներից ռեկտորատում ողջունեցին Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողների աշխատանքային կիսամյակի հաջող մեկնարկը․ ֆակուլտետի ղեկավարությանն, ըստ էության, հաջողվել է պատվով իրականացնել ռեկտոր Ուռուտյանի՝ երկրի բարձրագույն կրթության համակարգում առաջին անգամ կիրառվող նորարարական այս գաղափարը։ Ա․ Քոչինյանի անվան քոլեջի դուալ համակարգի 2-րդ կուրսի ուսանողները նույնպես սկսել են իրենց աշխատանքային կիսամյակը։ Ի դեպ, քոլեջը սեպտեմբերին կանցնի ուսումնական գործընթացի կառավարման ebuh համակարգին։
Եղած մարտահրավերներով հանդերձ, տպավորիչ են Շիրակի եւ Սիսիանի մասնաճյուղերում ուսումնական գործընթացում (հիմնական օրակարգի երկրորդ հարցն էր) առկա դրական փոփոխությունները։ Մասնաճյուղերի տնօրեններ Գագիկ Վարդանյանը եւ Տիգրան Վանդունցն իրենց զեկուցումների ավարտին շնորհակալություն հայտնեցին մայր բուհի ղեկավարությանը մասնաճյուղերում կարեւոր այնպիսի ենթակառույցների ստեղծման համար, որոնք մարզային նշանակություն ունեն։ Բավական է հիշատակել միայն Հողի անալիզի եւ կաթնամթերքի վերամշակման լաբորատորիաները Գյումրիում եւ շուտով ստեղծվելիք խելացի գյուղատնտեսության կենտրոնը Սիսիանում՝ 1,5 հա տարածքի վրա՝ հողի անալիզի լաբորատորիայով, կաթնամթերքի փորձարարական լաբորատորիայով, ինտենսիվ այգիով, նորարարական ջերմատնով, եղանակային կայանով, գյուղատնտեսական մեքենաների ուսումնական կենտրոնով։
Համալսարանի հաստատութենական հավատարմագրման համատեքստում փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի հերթական հանգրվանի մասին զեկուցեց Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը։ Այս առումով եւս առաջընթացն ակնհայտ է, իսկ առաջին անգամ ներդրված հաշվետվողականության մեխանիզմը միտված է ուսուցման որակի «որակական» առաջընթացին։ Տիկին Զաքարյանը հայտնեց, որ գործատուների հետ արդեն կնքվել է 11 պայմանագիր աշխատանքային կիսամյակների կազմակերպման վերաբերյալ, ավելի մեծ թվով պայմանագրեր էլ կնքման ընթացքի մեջ են։
Քննարկվեցին նաեւ ընթացիկ հարցեր, որոնց գերակշիռ մասը, դարձյալ, նվիրված էր կրթության որակի, կարգապահության եւ բուհի գրավչության շարունակական բարձրացման խնդիրների լուծմանը։