Երեկ՝ փետրվարի 20-ին «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանում անցկացվեց «Մեկ օր Ագրարայինում» վերտառությամբ վարպետության դասերի շարքի առաջին հանդիպումը՝ Հայ-հունական պետական քոլեջի ուսանողների, Հայ-չինական բարեկամության դպրոցի եւ մի շարք այլ դպրոցների շուրջ 40 աշակերտների մասնակցությամբ։
Հանդիպումը մեկնարկեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի մասնագետ Մանե Շուշանյանի ներկայացմամբ, որը վերաբերում էր համալսարանի առաջարկած կրթական ծրագրերին, իրականացված, ընթացիկ եւ նախանշված բարեփոխումներին, կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, ներառյալ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում անցկացվողները։
Այնուհետեւ մասնակիցները ըստ նախասիրությունների բաժանվելով խմբերի, մասնակցեցին շոկոլադի արտադրության, գինեգործության եւ գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի կիրառման վարպետության դասընթացների։ Բոլոր երեք խմբերում ակնհայտ էր 12-րդ դասարանցիների, մասնավորապես ագրոդրոնների լաբորատորիայում հավաքված՝ զուտ աղջիկներից բաղկացած խմբի արտակարգ հետաքրքրվածությունը։ Գինեդարանում հավաքվածների մեջ էլ հստակ նշմարվեցին առնվազն երկու ապագա գինեգործներ։ Իսկ շոկոլադ պատրաստելու հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից ով կհրաժարվի․․․
Ուրբաթ՝ փետրվարի 24-ին, մասնագիտական կողմնորոշման շարքի այս նախաձեռնության շրջանակում տեղի կունենա հաջորդ հանդիպումը եւ կներառի մասնագիտական եւս մի քանի ուղղություններ։
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացնում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) եւ կոնսորցիումի գործընկերները՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայ օգնության ֆոնդը եւ ՍԻՎԻՏՏԱ Հայաստանը։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին եւ աշխատանք գտնելու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: