– Հունան Ղազարիչ, դուք անդադար՝ օրը քսանչորս ժամ, պետք է աշխատեք ուսանողների-երիտասարդների հետ՝ լսարանում, լաբորատորիայում, փորձադաշտում: Ամենուր: Նրանք պետք է սնվեն Ձեր գիտելիքների-փորձի-իմաստության անափ պաշարներով,- բացականչում եմ հիացմունքով:
Պրոֆեսոր Հունան Ղազարյանը լրատվության բաժին էր եկել քննարկելու եռահեղինակային միասնությամբ ստեղծվող գրքի հետ կապված մասնագիտական-լեզվաբանական որոշ նրբերանգներ:
Հողի լեզուն լավ հասկացող գիտնականը եւ հայերենի անաղարտության ջատագով խմբագիրը մանրակրկիտ, բծախնդրորեն, համակողմանի դիտարկում էին բոլոր ընդգծումները: Ղազարիչը ոգեւորված պարզաբանում-մեկնաբանում, հիշվող օրինակներով բացատրում էր խնդիրը, այն աստիճան, որ ոչ մասնագետներիս համար էլ հետաքրիր էր դառնում ոլորտը: Մենք համակ ուշադրությամբ, անգամ՝ դյութված լսում-կլանում էինք մարդկության՝ նստակյաց դառնալուց ի վեր կուտակված հազարամյակների փորձն իր մեջ ամփոփած գիտնականին: Եւ բոլորովին չհասկացանք, թե ինչպես թռավ աշխատանքային օրը: Սովորում էինք: Ինքնամոռաց:
Երկու անգամ սուրճ առաջարկեցինք: Հրաժարվեց: Կարեւոր աշխատանքը կենցաղի հետ զուգորդել չկամեցավ:
Անի Խուդավերդյան
Վաստակաշատ գիտնական, ՀԱԱՀ Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի երկարամյա ղեկավար, ՀԱԱՀ «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրական կազմի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հունան Ղազարյանի կենսագրությանը կարելի է ծանոթանալ այստեղ։