ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը երեկ՝ օգոստոսի 29-ին մասնակցել է Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակման, տեսակավորման եւ փաթեթավորման «Հին Խնձորեսկ» գործարան-լոգիստիկ հանգույցի բացման արարողությանը, որին մասնակցել են համայնքների ղեկավարներ, բնակիչներ, տեղական սննդամթերքի արժեշղթաների զարգացմամբ մտահոգ տարբեր շահակիրներ։
Նախագիծը ֆինանսավորվել է հիմնականում Պարենի համաշխարհային ծրագրից, իսկ Չինաստանի կառավարության ներդրումը եղել է 40 կՎտ հզորությամբ արեւային կայանի տեղադրումը։
Գործարան – լոգիստիկ հանգույցի բացման առիթով ողջույնի եւ շնորհավորանքի խոսք ասացին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՊՀԾ հայաստանյան ներկայացուցիչ, գրասենյակի ղեկավար Նանա Սկաուն, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը։
Գորիս համայնքում հատիկաընդեղեն մշակաբույսերի սննդային շղթայի զարգացման նկատառումով ստեղծված այս արդիական ենթակառույցի հիմնական նպատակն է միկրոներդրումների միջոցով ավելացնել սննդային արժեքի տեսակետից բազմազան մթերքի առկայությունն ու հասանելիությունը հատիկաընդեղենների արժեշղթայում:
Համայնքի եւ ամբողջ մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործարան-հանգույցում աշխատելու են Խնձորեսկի գյուղատնտեսական կոոպորատիվի անդամները։ Կոոպերատիվը կայացել է ՊՀԾ-ի հետ ՀԱԱՀ-ի համագործակցության ծրագրի շրջանակում, հատիկային մշակաբույսերի աճեցման տեխնոլոգիաների վերաբերյալ համալսարանի մասնագետների անցկացրած դասընթացների, ինչպես նաեւ անցյալ տարի դեռ նոր ձեւավորվող կոոպերատիվի անդամների համար ռեկտոր Ուռուտյանի անցկացրած՝ գյուղատնտեսական կոոպերատիվի կառավարման թեմայով դասընթացի շնորհիվ։ Կոոպերատիվը ղեկավարում է Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Երվանդ Մալունցը։
Հատիկաընդեղեն մշակաբույսերի բուն արտադրության փուլն ապահովելու համար ծրագրի շրջանակում խնձորեսկցիներին տրամադրվել է նաեւ գյուղտեխնիկա` շարքացան եւ կոմբայն։
- 30/08/2023
- 2023