Լսածն ու տեսածը ի մի. Հետաքրքիր, ճանաչողական այց էր

Օրերս ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում եւ կառավարում» մասնագիտության առաջին եւ երկրորդ կուրսեցիները տնօրեն Վարդան Վարդանյանի եւ փոխտնօրեն Լիանա Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեցինք «Միգ մոթոր» («Միգ տեխսպասարկում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն): Կարծում եմ, նրանց կարգախոսը՝ «Մենք ստեղծում ենք նոր պատմություն», միանգամայն համապատասխանում է գործունեության բովանդակությանն ու ոճին: Ընկերությունը ներմուծում, վաճառում եւ սպասարկում է գյուղատնտեսական, ճանապարհաշինական, հանքարդյունաբերական եւ շինարարական տեխնիկա:

Հետաքրքիր էր մոտիկից տեսնել, թե ինչպես է իրականացվում դիզելային վառելանյութով աշխատող շարժիչների կազմությունն ու հավաքումը: Նաեւ ուսումնասիրեցինք «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների շարժիչը: Ականատես եղանք, թե ինչպես է կատարվում ավտոմեքենաների բեռնումն ու բեռնաթափումը:

Նման այցելությունները շատ կարեւոր են, որ լավ հասկանանք մեր մասնագիտության առանձնահատկությունները, նրբությունները եւ սիրենք մեր ապագա գործունեության ոլորտը:

Լեւոն ԹՈՒՄԱՍՅԱՆ

ՓԿ-2

Հ.Գ. Փոխտնօրեն Լիանա Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, թե հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ուսանողները փորձուսուցում անցնեն ընկերությունում: Մեր գործընկերները կաջակցեն նաեւ ավարտաճառերի թեմաներն ավելի արդիական դարձնելուն: Իսկ նպատակը մեկն է՝ «Միգ մոթորը» հոգում է, որ իր ապագա աշխատակիցները լիովին-լավագույնս համապատասխանեն Ժամանակի պահանջներին: