Երեկ՝ հունիսի 25-ին, Ագրոնոմիական ֆակուլտետի գիտխորհրդում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեցին նաեւ արտասահմանյան գործընկեր համալսարաններ մեկնածների հաշվետվություն-ամփոփումները: Մինչ այդ, դեկան Արմենակ Տեր-Գրիգորյան ներկաներին տեղեկացրեց, որ երկու կրթական ծրագիր օրերս հաստատվել է: Սա համատեղ լավ համադրված աշխատանքի արդյունք է, եւ դեկանը շնորհակալություն հայտնեց թիմին: Ֆակուլտետի մեթոդխորհրդի նախագահ, գ.գ.թ., դոցենտ Մանվել Բադալյանը ներկայացրեց 2024-25 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները: Բայց ամենահետաքրքիրն, անշուշտ, միջազգային համագործակցության արդյունքներն էին: Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, կ.գ. դոկտոր Գայանե Մարմարյանը (Ալմերիայի համալսարան, Իսպանիա), բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը (Մալթայի արվեստների, գիտության եւ տեխնոլոգիայի քոլեջ), գ.գ.թ., դասախոս Նաիրա Գասպարյանը (VetFarm ծրագրով Հոլանդիա եւ օրգանական գյուղատնտեսություն՝ Վիեննայի բնական ռեսուրսների եւ կենսական գիտությունների համալսարան, Ավստրիա), անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, կ.գ.թ. Արթուր Ալավերդյանը (Վալենսիա, Իսպանիա) շատ բովանդակալից ներկայացրեցին իրենց գործուղումների արդյունքները: Բոլորը համակարծիք էին՝ այս կարգի տեղեկատվական հանդիպումները շատ կարեւոր անփոխարինելի են, դրսի լավագույն փորձը մեր ունեցած լավագույնի հետ խաչասերելու, միաձուլելու, ընդելուզելու տեսակետից: Եւ այս ամենն անպատճառ ներդրվելու է նաեւ լսարանում, գիտական գործունեության ընթացքում: Անգամ ոչ մասնագետ ունկնդիրն էլ մտապահեց փոքրիկ-հետաքրքիր դրվագներ: Օրինակ, որ Վիեննայի շենքերի տանիքներում զբաղվում են մեղվաբուծությամբ. ե՛ւ կյանքն է ավելի քաղցր դառնում, ե՛ւ կտուրը չի կաթում… երեւի: Ու քաղաքն այնքան մաքուր է, որ մեղրը գնահատվում-դասակարգվում է որպես օրգանական մթերք:

- 26/06/2025
- 2025