ժաննա Անդրեասյան. կրթության կարեւոր առանձնահատկությունն այն է, որ երբեք չի դադարում

Ագրարային համալսարանի շուրջ հարյուրամյա ընտանիքն այսօր համալրվեց նվիրյալների նոր սերնդով, որը, համոզված ենք, իր համառ աշխատանքով, ավանդականն ու ժամանակակիցը վարպետորեն համադրել-փոխլրացնելով, կարողանալու է դիմակայել ողջ աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերները, կարողանալու է նոր ավյունով զարգացնել աշխարհի չափ հին ու անփոխարինելի՝ գյուղատնտեսական ոլորտը, երկրի ռազմավարական նշանակության առանցքներից մեկը, եւ նպաստ է բերելու այն առավել շենացնելու գործին:

Եւ օրինաչափ է, որ ոլորտի դերն ու կարեւորությունն ընդգծելու, շրջանավարտներին բարի երթ մաղթելու նպատակով համալսարան էին եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ  էկոնոմիկայի փոխնախարար, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը, Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, բարերարներ, մեր բուհի ճշմարիտ բարեկամներ Ջուդիթ Սարյանն ու Վիկտոր Զառուգյանը:

Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, ողջունելով հյուրերին, շրջանավարտներին, հորդորեց՝ չդադարել սովորել, տեսական-գործնական գիտելիքները կարողությունների վերածել եւ ծառայեցնել ի նպաստ երկրի զորացման: Շրջանավարտների մեծ մասն արդեն ապահովված է մասնագիտական աշխատանքով եւ այս հարցում անուրանալի է աշխատանքային կիսամյակի դերը, որն առաջինը ներդրեց մեր բուհը:

-Առաջ գնացեք, թող հաջողությունը ձեզ ուղեկից լինի մասնագիտական ու անձնական կյանքում, եւ հիշեք, որ միշտ կարող եք վերադառնալ հարազատ համալսարան՝ թե՛ ուսումը շարունակելու, թե՛ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու եւ թե՛ բազմաթիվ նախագծերում մասնակից ու խորհրդական լինելու առաքելությամբ,-ասաց պարոն Զաքոյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ագրարային կրթությունը ռազմավարական ուղղություններից է, եւ պետք է հետեւողական աշխատանքով ապահովենք բարձրորակ եւ մրցունակ կրթություն: Ի նկատի առնելով ոլորտի դերն ու նշանակությունը՝ կառավարությունում նոր ծրագրեր են քննարկվում, այդ թվում՝  բարձր կրթաթոշակ սահմանելու հարցը, որն անշուշտ կնպաստի, որ խելացի, ունակ, նպատակասլաց երիտասարդները համալրեն Ագրարային համալսարանի ուսանողների շարքերը: Նախարարը կարեւորեց նաեւ միջազգային ծրագրերի ընդգրկումն ընդլայնելու հարցը:

Ագրարայինի շրջանավարտ և հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար  Արման Խոջոյանը նկատեց, որ հիմա շատ ավելի նպաստավոր պայմաններում են շրջանավարտները մտնում կյանք, թեեւ մարտահրավերներ գոյություն ունեն, բայց առջեւում հետաքրքիր ու նվաճումներով լի կյանք է սպասվում: Իսկ Խոջոյանների ընտանիքում բոլոր սերունդները համոզված են՝ լավագույն ներդրումը կրթության մեջ է եւ այն շարունակական պետք է լինի:

Եւս մեկ  շրջանավարտ՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը շեշտեց՝ երջանիկ է Ագրարայինի շրջանավարտը լինելու համար եւ այն գիտակցության շնորհիվ, որ հենց մեր ոլորտի մասնագետներն են բերք ու բարիք արարում:

Վերը նշվեց, որ Ագրարայինն առաջինն էր, որ աշխատանքային կիսամյակ ներդրեց ավարտական կուրսերում: Կարճ ժամանակ անց ակնհայտ էր, որ այն՝ արտադրության մեր գործընկերների շնորհիվ շատ արդյունավետ ու արդարացված ճանապարհ է: Պռոշյանի գինու կոնյակի գործարանի գլխավոր գինեգործ, դարձյալ ՀԱԱՀ շրջանավարտ Ալբերտ Ներսիսյանը մեր սաների փորձուսուցումը գերազանց իրականացնողներից է, եւ նրա խոսքը կրթության եւ արտադրության անքակտելի կապի մասին էր:

Շրջանավարտների անունից շնորհակալական խոսք ասաց «Ճշգրիտ գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի շահառու Գագիկ Գրիգորյանը:

Մագիստրատուրան գերազանցությամբ ավարտողների դիպլոմները շնորհեց տիկին Անդրեասյանը: