– Ձեզնից շատ ժամանակ չեմ խլի, նման սովորություն չունեմ,- առաջինկուրսեցիների հետ հանդիպման ժամանակ հենց սկզբից ասում է միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը: Բայց նա չէր պատկերացնում, որ ուսանողների ձեռքից հեշտ չի պրծնի…
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին նախատեսված էր հանդիպում անասնաբուծական-անասնաբուժական եւ ագրոնոմիական ֆակուլտետների նորեկների հետ: Սակայն, երկրորդները ընդհանրապես չէին եկել, անասնաբույժներն էլ ներկայացված էին հինգ հոգով՝ բայց շատ ուշիմ, հետաքրքրվող, հավակնոտ ծրագրերով երիտասարդներով:
Հանդիպման նպատակը մեկն էր, որ ուսանողական կյանքի մեջ նոր ինտեգրվող մարդիկ տեղյակ լինեն այն, չխուսափենք ճիշտ բնորոշումներից՝ աննախադեպ, զուգահեռը չունեցող հնարավորությունների մասին, որ ընձեռում է մեր բուհը միջազգային, շատ լայն համագործակցության շնորհիվ: ԵՄ Էրազմուս+-ը շարժունության, վերապատրաստման, գործընկերների հետ հավասար համագործակցության բացառիկ հնարավորություն է: Միայն 2018-2019թթ. ագրարայինցի 44 երիտասարդ է ուսումնառության մեկնել Եւրոպա: Մենք համագործակցության 47 պայմանագիր ունենք ԵՄ 35 համալսարանի հետ: Այդ թվում՝ Իսպանիա (7 համալսարան), Պորտուգալիա (5), Հունաստան, Լեհաստան, Ավստրիա…
Պարոն Համբարձումյանը իրեն բնորոշ անմիջական ոճով զրուցեց ուսանողների հետ, տեղեկացրեց` ինչ պահանջներ, չափորոշիչներ են գործում ընտրությունը կատարելիս, ինչ առաջնահերթություններ են լինում: Եւ ինչ քայլեր պետք է կատարեն մասնակցության համար:
– Ամենագլխավորը՝ անգլերենի մակարդակը աշխատեք բարձրացնել: Լեզվի իմացությունը շատ կարեւոր է,- ասում է պարոն Համբարձումյանը:
Ուսանողները հարցեր էին տալիս, հետո էլի՝ հարցեր էին տալիս, հետո՝ դարձյալ հարցեր էին տալիս… եւ այս ամենը շաղախված – ուղեկցվում էր շատ դրական տրամադրությամբ: