Նոյեմբերի 1-ին հյուրընկալել էինք Երեւանի թիվ 104 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի մի խումբ աշակերտների, որ համալսարանի մի քանի լաբորատորիաների սովորական աշխատանքային առօրյան մեկուկես ժամով լցրեցին պատանեկան աշխույժով, գեղեցկությամբ եւ գինու ու գիտելիքի հանդեպ զարմանալի հասուն մոտեցմամբ։
Աշխարհագրության դասընթացի շրջանակում այս երեխաները լուրջ աշխատանքներով են զբաղված՝ ընդհուպ մինչեւ խաղողի այգի այցելությունները, խաղող հավաքելը, ճմռելը, գինի պատրաստելը։ Հենց գինու եւ ոչ միայն գինու մասին ավելի շատ բան իմանալու համար էլ եկել էին Ագրարային։
Ապագա հավանական գինեգործներին նախ ընդունեց աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը․ պատմեց համալսարանի, կրթական ծրագրերի, հատկապես՝ Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն մասնագիտության կարեւորության եւ հեռանկարների մասին։
Այնուհետեւ եղան գինեդարանում, հրուշակեղենի եւ գարեջրագործության լաբորատորիաներում, ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները, նկարահանումներ արեցին այցի մասին պատմող ապագա տեսանյութի համար․․․