Հոկտեմբերի 28-ին համալսարանի գործընկերների ցանկը հարստացավ ագրոբիզնեսի ոլորտի յուրօրինակ ընկերություններից մեկով. ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Աբռոմիթ ընկերության փոխտնօրեն Կարինե Նահապետյանի հետ: Հուշագրով նախատեսվում են համատեղ աշխատանքի մի քանի ուղղություններ, ներառյալ գիտահետազոտական ծրագրերի ու միջոցառումների իրականացումը, ՀԱԱՀ ուսանողների փորձուսուցման կազմակերպումը ընկերությունում:
Գործընկերային հարաբերությունների եւ մտադրությունների՝ հուշագրերի կամ պայմանագրերի տեսքով վավերացմանը, ինչպես սովորաբար լինում է, նախորդել է այդ հարաբերությունների հաստատումը մարդկանց՝ երկու կողմերի մասնագետների, պատասխանատուների միջեւ: Տվյալ դեպքում այդպիսի հարաբերությունների կառուցման դերակատարներից են պրոռեկտոր Կարեն Մինասյանը եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը:
Ռեկտոր Ուռուտյանը կարեւոր համարեց այդ հարաբերությունները հաստատութենական հիմքերի վրա դնելու իրողությունը, որն իր հերթին կնպաստի Ագրարային համալսարանի՝ դուալ կրթության քաղաքականության ու գործելակերպի իրականացմանը: «Բուսաբուծական եւ անասնաբուծական մթերքի տեխնոլոգ ուսանողները բուհն ավարտում են՝ պրոդուկտ ստեղծելով: Լիահույս եմ, որ Աբռոմիթ ընկերությունում մեր ուսանողները ձեր մասնագետների համակարգմամբ լիարժեք փորձուսուցում կանցնեն եւ կհամալրեն ձեր մասնագետների համակազմը: Վստահ եմ, որ մեր ընդհանուր գործին մեծապես կնպաստի համալսարանում ներդրվող աշխատանքային կիսամյակի գաղափարը»,- ասաց պարոն Ուռուտյանը:
Շուկայում իր ուրույն խոսքն ասող ընկերության փոխտնօրենը նույնպես վստահություն արտահայտեց, որ գործընկերությունը հեռանկար ունի եւ, բացի երկուստեք օգտակար լինելուց, կնպաստի առհասարակ մեր երկրում ագրոբիզնեսի որակական զարգացմանը: Տիկին Նահապետյանին, ի դեպ, հետաքրքրեցին մեր դասախոսների եւ ուսանողների ստեղծած յուրօրինակ, եզակի պարենային արտադրատեսակների մասին տեղեկությունները:
Աբռոմիթի հետ գործընկերության մեկնարկը ռեկտոր Ուռուտյանը նշանավորեց ավանդական նվերներով՝ Տիկին Նահապետյանին հանձնելով համալսարանի «Սերունդ» գինին եւ գործնական ֆերմերային ձեռնարկներ: