Մայիսի 30-ին Հայոց և օտար լեզուների ամբիոնը ՈՒԳԸ «սեպարատ» նիստ էր հրավիրել: Ի տարբերություն մասնագիտական ամբիոնների, որտեղ պահանջվում է հետազոտական տարր պահանջող զեկուցումներ ներկայացնել` ուսանողական գիտական նիստերին, հանրակրթական, այդ թվում հիշյալ ամբիոնի խնդիրն է խորացնել մայրենի եւ օտար լեզուների իմացությունը, անկաշկանդ, գեղեցիկ, անբռնազբոս արտահայտվելու, լսարանը «իրենով անելու» կարողությունը:
Մեկնարկին Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, դիմելով երիտասարդներին, նկատեց, որ ՈՒԳԸ-ն երկար ճանապարհ անցած, կայացած կառույց է.
-Շնորհակալ եմ, որ ակտիվ մասնակցում եք: Գիտեմ որքան աշխատանք-ճիգ եք գործադրել այսօր լսարանում հանդես գալու համար: Եղե՛ք ազատ եւ մեզ հաճելիորեն զարմացրեք:
…Եւ զարմացրին: Ոչ միայն թեմաներն էին հետաքրքիր, ոչ միայն ուղեկցվում էին ցուցադրական նյութերով՝ սահիկներով, այլ նաեւ ոմանք ակնհայտ արտիստիկ կարողացան մատուցել թեմաները: Շատերը տպավորություն թողեցին, որ արտերկրում լեզվի իմացությունը խորացնելու հնարավորություն են ունեցել: Բայց՝ ոչ, հարցախույզով պարզեցինք եւ համոզվեցինք, որ երկրում մնալով էլ կարող ես փայլուն սովորել օտար լեզու:
Նիստին բակալավրիատի ուսանողներին հավասար լավագույնս աչքի ընկան նաեւ քոլեջի սաները: Եւ գովելի է:
Այս բոլոր հաջողությունների շարքում իր անուրանալի դերն ունի Հայոց և օտար լեզուների ամբիոնի վաստակաշատ դասախոս Անահիտ Վարդանյանը: Նա երկար տարիներ հաջողությամբ, անմնացորդ նվիրումով ղեկավարում է ուսանողական գիտական խմբակի աշխատանքները եւ արդյունքը շոշափելի է: