Դպրոց-բուհ անքակտելի կապ․ «Այսքան տարի կրթության ոլորտում եմ, բայց չգիտեի Ագրարայինի հնարավորությունների մասին»

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, հյուրընկալել էինք Գյումրու թիվ մեկ եւ Ախուրյանի ավագ դպրոցների 11-րդ դասարանցիներին քիմիայի ուսուցչուհու՝ Սյուզաննա Սուլթանյանի առաջնորդությամբ: Կենսաբանական ուղղվածության հոսքերի աշակերտները, որպես նախագծային աշխատանք, որոշել են խաղողի գինի պատրաստել:

– Մեր Գյումրու բակերում աճող սեւ, մանրահատիկ խաղողից,- ավելի մանրամասնում է տիկին Սուլթանյանը:

Ուսուցիչ-աշակերտներ շատ հետաքրքրասեր համախումբ֊ թիմը սկզբում առաջնորդվել է համացանցային տեսահոլովակ-ռիլերով: Բայց հիմա որոշել են դիմել մասնագետների անմիջական օգնությանը։

– Այսքան տարի կրթության ոլորտում եմ, բայց չգիտեի Ագրարայինի լայն հնարավորությունների մասին: Հիմա զարմացած եւ հիացած եմ,- ասում է ուսուցչուհին՝ գինեդրանը, գինու, քիմիայի լաբորատորիաները, գործնական հմտություններ սերմանելուն-կարողությունները լավարկելուն միտված ամուր գործիքակազմը տեսնելուց հետո:

Ակնհայտ էր, որ պատանիներն էլ խոր գիտելիքներ ունեն քիմիայից եւ հետաքրքրված էին: