Հետաքըրքըրասիրություն… Երեխայի մեջ սեր եւ հետաքրքրություն սերմանել է պետք։ Մարդ արարածը աշխարհ չի գալիս հետաքրքրված, կամ անտարբեր: Մենք ենք երեխային այդպիսին դարձնում՝ ընտանիքում, դպրոցում: Մենք ենք քաջալերում, խթանում որոնող միտքն ու մենք էլ խոչընդոտ ենք դառնում երեւակայության թռիչքի համար:
Փետրվարի 10-ին, Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի նույնանուն բաժնում (վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Աստղիկ Փեփոյան) սիրով հյուրընկալել էին Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի անունը կրող թիվ 168 հիմնական դպրոցի սաներին: Այցի նախաձեռնողը կենսաբանության ուսուցչուհին էր՝ Մարինե Սարգսյանը, որի օրինակելի աշխատանքի արդյունքը դաջված էր սաների դեմքերին: 7–րդ դասարանցիները կենսաբանություն առարկայից «Կաթ – կաթնամթերք» նախագծի մասնակից են, հետազոտական աշխատանքներ կատարելու առաջին քայլերն են անում ու եկել էին լաբորատորիայում գիտնականների օգնությամբ փորձեր դնելու եւ եզրահանգումներ կատարելու: Պատանիների եւ պարմանուհիների աչուկների փայլը աննկարագրելի էր: Խոսուն: Պրոֆեսոր Փեփոյանի ստուգիչ-զգուշավոր հարցերին եւ ենթադրությանը, թե երեւի դեռ չեք անցել-չգիտեք՝ պատասխանը նեղացածության երանգ ուներ.
-Ո՞նց չենք անցել, սովորել ենք, գիտենք:
Սովորել են, որովհետեւ սովորեցնողը նվիրումով է աշխատել, գիտեն, որովհետեւ նրանց մեջ սերմանել են, որ գիտելիքը ուժ է եւ անկորնչելի՝ բոլոր ժամանակներում:
Հրաշալի է, երբ ուսուցիչը իր գործի պատվախնդիր նվիրյալ է: Հրաշալի է, որ բուհը ունի միջազգային ճանաչում վայելող գիտնականներ եւ ժամանակակից հնարավորություններով զինված լաբորատորիաներ: Եւ հրաշալի է, որ համալսարանի դուռը սիրով միշտ բաց է լավագույն գալիքի առջեւ…