Դպրոց – բուհ՝ անքակտելի կապ․ հար եւ նման, բայց նաեւ անչափ տարբեր

Արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ագրարայինը ուղիղ աշխատում է դպրոցների հետ` կարեւոր նպատակով, որ վաղվա դիմորդն ու սովորողների փաղանգը համալրողը լիովին իրազեկ-տեղեկացված լինի: Որ մասնագիտության՝ այդքան կարեւոր ընտրությունը լինի գիտակցված, սիրով ամրակայված:

Այս տարիների ընթացքում հազարավոր պատանիների ենք հանդիպել՝ հետաքրքված կամ ոչ այնքան, կարդացած կամ հակառակը, խոհուն կամ անտարբեր, նորաձեւ մասնագիտությունների ետեւից գնալու պատրաստ կամ երկրի տնտեսության անկյունաքար ագրարային ոլորտի դերն ու արժեքը խորապես հասկացող: Այս վերջին տարատեսակն է մերը՝ սպասված, ցանկալի:

Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ եւ 9-րդ դասարանցիները, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին այցելել էին Ագրարային համալսարան, լիովին տեղավորվում էին նկարագրվածի համապատկերում: Անչափ հետաքրվածների շարքում հիմնականում աղջիկներն էին՝ նրանք հարցեր էին տալիս ուշադիր լսում էին պատասխանները, զննում էին սարք-սարքավորումները, լուսանկարում-ճշտում-դարձյալ հարցնում: Ի պատիվ քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչների՝ Գայանե Սիմոնյանի ու Յուլյա Խաչատրյանի, պետք է շեշտենք, որ նրանք էլ շատ անսքող հիացմունքով էին ուսումնասիրում համալսարանի ընձեռած՝ աշխատաշուկայում մրցունակ մասնագետ լինելու լայն հնարավորությունները:

Անչափ առինքնող է կարիերայի կենտրոնի առաջատար մասնագետ, հասարակագիտության ամբիոնի դասախոս Մարիամ Ատալյանի աշխատաոճը՝ համբերատար-զուսպ-հանդարտ-մատչելի է մատուցում տեղեկատվությունը, բայց ամենակարեւորը՝ հստակ շեշտադրումներով, ոչ հոգնեցնում է, ոչ էլ մանրուքներ է աչքաթող անում: Պատանիներն էլ լսում են, ընկալում, հավատում եւ վստահում են ավագ ընկերոջ խոսքը: Խոսք, որ անհասցե կախված չի մնում օդում…