Հրաշալի հնարավորություն ընձեռվեց հյուրընկալվելու Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի լանդշաֆտային ճարտարապետության դեպարտամենտում։ Դեպարտամենտի ընտրությունը պատահական չէր՝ այն պայմանավորված էր գիտության տվյալ ճյուղի վերաբերյալ խիստ սահմանափակ պատկերացումներով, որն առկա է Հայաստանում։
Դեպարտամենտը համարվում է եվրոպական երկրներում լավագույններից մեկը, որտեղ լանդշաֆտային ճարտարապետության բակալավրի ու մագիստրոսական ծրագրերով ուսում են ստանում ավելի քան 20 երկրի ուսանողներ։ Այցի ընթացքում բազմաթիվ առիթներ եղան շփվելու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու հատկապես ուսանողների հետ՝ հասկանալու մասնագիտության նրբությունները, առանձնահատկությունները, ինչպես նաեւ հեռանկարները, արդիականությունը աշխարհում։
Նախապես հաստատված թեմայով երկու ներկայացում էր պատրաստված․
- Լեռնային լանդշաֆտների վերականգնումը Հայաստանում,
- Լանդշաֆտային պլանավորումը եւ կառավարման պլանավորումը՝ որպես լանդշաֆտների կայուն կառավարման գործիք։
Առաջին ներկայացումը արեցի առցանց՝ հասանելի լայն շրջանակների համար։ Ներկայացրեցի լեռնային լանդշաֆտների գլոբալ կարեւորությունը հատկապես կլիմայի փոփոխության համատեքստում, որի շրջանակում էական դեր են խաղում լեռնային անտառները։ Լեռնային անտառների պահպանության եւ հարակայուն կառավարման հիմնախնդիրները քննարկեցինք նաեւ դեպարտամենտի աշխատակազմի հետ առանձին հանդիպումների ժամանակ։
Երկրորդ ներկայացումը առավելապես վերաբերում էր նշված երկու գործիքների կարեւորության մեկնաբանմանն ու լանդշաֆտային ճարտարապետության հետ դրանց ուղիղ կապը հասկանալուն։ Ուսանողների հետ քննարկեցինք մի շարք կոնկրետ օրինակներ, մասնավորապես Հայաստանում իրականացված հաջողված նախագծեր՝ Հայանտառ ՊՈԱԿ Արագածոտնի անտառտնտեսության կառավարման պլանի մշակումը, Սեւան ազգային պարկի գոտիավորման նախագծի մշակումը եւ այլն։
Բաց դասի շրջանակում քննարկեցինք երկու կարեւոր հասկացություն՝ «Անտառային լանդշաֆտների վերականգնում» եւ «Բնահեն լուծումներ», որոնք մեր օրերում բավականին լայն կիրառություն են ստացել լանդշաֆտային ճարտարապետության լայնամասշտաբ նախագծերում։
Էստոնիա այցի շրջանակում հնարավորություն եղավ այցելել նաեւ Տարտու քաղաքին հարակից հանգստի գոտիներից մեկը՝ որպես լանդշաֆտային ճարտարապետության հաջողված օրինակ։
Այցը կարելի է համարել հատկապես արդյունավետ՝ ստեղծված կապերի ու փոխգործակցության միջավայրի ստեղծման առումով, որը վստահաբար ծառայելու է Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի հետ փոխանակման հետագա ծրագրերին, նաեւ Հայաստանում լանդշաֆտային ճարտարապետության մշակույթի տարածմանը։
Արեգ Կարապետյան
Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս