ՀԱԱՀ գիտական գրադարանի երկրորդ ընթերցասրահում Գրադարանի օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Գրադարանի, գիրք կարդալու կարևորության մասին շատ է խոսվում հենց այս օրը: Իսկ հիմնական ցանկությունն ու նպատակը մարդկային հիմնական արժեքների խարխլման այս բարդ ժամանակահատվածում մեր պատմությունն ու ազգայինը պահպանելն է եւ բարեկիրթ սերունդ դաստիարակելը:
Համալսարանի գրադարանի աշխատակիցները ամեն տարի այս օրը փորձում են նոր, հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն այս անգամ միջոցառումը, կարելի է ասել, պատմական նշանակություն ուներ բուհի համար: Ընթերցասրահում ցուցադրվել էին 90 տարվա ընթացքում համալսարանի դասախոսների հեղինակած գրքերը:
Գիտական գրադարանի վարիչ տիկին Հասմիկ Ադամյանը ողջույնի խոսքում օրվա առթիվ շնորհավորելով գրադարանի աշխատակիցներին նաեւ շնորհակալություն հայտնեց կատարած քրտնաջան աշխատանքի համար: Նա նշեց, որ ցուցադրված մոտ 900 գրքերի ընտրության հարցում ուղեցույց է հանդիսացել հիմնականում հոբելյանական գրականությունը:
Տիկին Ադամյանը համոզված է, որ համալսարանի 100-ամյակը արդեն կնշվի 1000 եւ ավելի միավոր գրականությամբ: Նա բուհի դասախոսներին հորդորեց գրել եւ հարստացնել գրադարանի գրքացանկը՝ նշելով, որ նրանք գրում են սերունդների համար:
Ողջույնի խոսք ասաց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նա շնորհավորեց գրադարանի աշխատակիցներին եւ շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար: Պարոն Ուռուտյանը բարձր գնահատեց գրադարանի աշխատակիցների կատարած աշխատանքը եւ նշեց, որ ամեն ինչ պետք է անել ժամանակին համընթաց քայլելու համար:
Տոնի առթիվ գրադարանին գրքեր նվիրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, պրոֆեսոր Պարույր Էֆենդյանը, Հասարակագիտության ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանը: