Գործնական հմտություններ Արցախից տեղահանվածների համար՝ GIZ-ի հետ համատեղ

Սիսիանի մասնաճյուղում մեկնարկել են Արցախից տեղահանվածների համար իրականացվող գործնական դասընթացները: Այս մասին հաղորդում է մասնաճյուղի ագրոտեխնոլոգիական եւ բնագիտական առարկաների բաժնի վարիչ Արմինե Շողունցը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում սեպտեմբերի 2-ին Բռնակոթ բնակավայրում տեղակայված Օլյա Բարսամյանի մեղվաբուծական տնտեսությունում կազմակերպված դասընթացը վերաբերում էր մեղվաընտանիքների գարնանային, ձմեռային խնամքին, հիվանդությունների դեմ պայքարին, ինչպես նաեւ մեղրաքամի նախապատրաստական աշխատանքներին: Դասընթացը վարում էր ինքը՝ տիկին Բարսամյանը, որն իր բազմամյա մասնագիտական փորձի հիման վրա կարեւոր խորհրդատվություն մատուցեց տեղահանված բնակիչներից հատկապես նրանց համար, որոնք արդեն զբաղվում են մեղվաբուծությամբ:

Վերապատրաստման նույն ծրագրի շրջանակում սեպտեմբերի 3-ին կայացած գործնական դասընթացի թեման էլ ջերմատնային տնտեսության պայմաններում պոմիդորի, վարունգի եւ վարդերի՝ նորագույն տեխնոլոգիաներով մշակությունն էր, իսկ դասընթացավարը՝ Վահագն Ամիրջանյանը։ Նա մասնակիցներին նախ ծանոթացրեց ջերմատան կառուցվածքին, կաթիլային ոռոգման համակարգին, ջեռուցման համակարգին, հողի ախտահանման աշխատանքներին, որից հետո մանրամասնորեն բացատրեց վարդերի մշակությանն առնչվող ագրոտեխնիկական միջոցառումներն ու խնամքի աշխատանքները:

Տիկին Շողունցի փոխանցմամբ, ջերմատնային տնտեսությունները Սիսիանի տարածաշրջանում մեծ թափ են առել, եւ տեղահանված բնակիչները հետաքրքրված են ջերմատնային մշակաբույսերի արտադրությամբ եւ ոլորտում աշխատելու, իրենց ներդրումն ունենալու մեծ ցանկություն են հայտնել:

Պարոն Ամիրջանյանը, որ Սիսիանի մասնաճյուղի փորձուսուցումների լավագույն գործընկերներից է, մասնակիցներին լրացուցիչ գիտելիքներ հաղորդեց նաեւ իր տնտեսության տարածքում մշակվող այլ մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների վերաբերյալ:

Մասնակիցները տպավորված են եւ մեծ ոգեւորությամբ սպասում են գյուղատնտեսական այլ թեմաներով հաջորդ գործնական դասընթացին: