Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները «Ալկոհոլային խմիչքների արտադրություն» առարկայից գործնական աշխատանքի վրա հիմնված դաս անցկացրեցին դասավանդող դասախոս Մերի Վարդանյանի հետ։
Դասն անցկացվեց ՀԱԱՀ Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական լաբորատորիայում։ Երեւանի գարեջրի գործարանի աջակցությամբ ստեղծված լաբորատորիան, շահագործման հանձնվելուց ի վեր՝ 2022 թ․ փետրվարից , համալսարանի ամենազբաղված նորարարական ենթակառույցներից մեկն է։ Ի դեպ, դասին մասնակցում էր գործընկեր գործարանի արտադրամասի պետ, տեխ․ գիտ․ թեկնածու Արեն Զարգարյանը, որը հարազատ բուհի հետ մշտական կապի գտնվող ու ակտիվորեն համագործակցող շրջանավարտներից է։
Մագիստրանտները դասի ընթացքում անմիջականորեն մասնակցեցին թունդ ալկոհոլային ըմպելիքի արտադրության գործընթացին։ Հնչեցին հարցեր, պատասխաններ, եղան աշխույժ քննարկումներ մագիստրանտների, ամբիոնի դասախոսների եւ պարոն Զարգարյանի միջև։ Դասի մթնոլորտը աշխատանքային-ստեղծագործական էր, ուսանողների փորձառությունը՝ կատարյալ։




									


