Հանգամանքների բերումով հետաձգված եռատոնի (Թումանյանի ծննդյան, Գիրք նվիրելու եւ Մայրենիի օրեր) հանդիսությունը կայացավ երեկ՝ փետրվարի 26-ին, գիտական գրադարանում, որի վարիչը՝ Լիլիթ Վարդանյանը, դիմելով ներկաներին, շնորհավորեց այս հրաշալի, խորախորհուրդ իրադարձության առթիվ: Նա գրքեր նվիրեց երեք ամենաընթերցասեր ուսանողին: Ի դեպ, ընտրությունը կատարվել էր անվրեպ-ճիշտ: Եւ կարդացողներին խրախուսելու լավ ճանապարհ էին ընտրել:
Քոլեջի առաջին կուրսեցիները (բոլոր մասնագիտություններից կային ներկայացուցիչներ) իրենց դասախոսի՝ Անուշ Հակոբյանի ղեկավարությամբ փոքրիկ, բայց առինքնող գեղարվեստական ծրագրով թումանյանական շունչ եւ տրամադրություն փոխանցեցին: Շատ լավ համալրում ունենք քոլեջում՝ գրականություն սիրող, ընթերցող, դասական երգերը վարպետորեն կատարող պարմանիներ եւ պարմանուհիներ:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը գրքեր նվիրեց գրադարանին եւ շեշտեց, որ մեր բուհի այս հիմնարար օղակներից մեկը` գիտական գրադարանը, հարուստ ավանդույթներ ունի, որի արդյունավետ աշխատանքը միշտ ակնհայտ է եղել, եւ ամենեւին պատահական չէ, որ 2024-ին արժանացել է ԿԳՄՍ ամենաբարձր խրախուսանքի՝ «Բուհական լավագույն գրադարան» անվանակարգում:
Ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը բարձր գնահատեց դասախոսի եւ ուսանողների ջանքերը: Նա հորդորեց երկյուղածությամբ ու խնամքով պահել նախնիներից ստացված ահռելի-ապրեցնող ժառանգությունը: