Գիտական ծրագրերն ավելացնում են գործակցության հասցեները

ՀՀ Գիտության կոմիտեի «20RF-054» ծածկագրով «Հացահատիկի ենթահամալիրի զարգացման հեռանկարները եւ արտադրության ծավալների հիմնավորումը հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների համատեքստում» թեմայով գիտական ծրագրի շրջանակում ծրագրի ղեկավար, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ալեքսանյանը օրերս գտնվում էր Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:

Պարոն Ալեքսանյանը հանդիպում է ունեցել նշված գիտական ծրագրի ռուսական կողմի ղեկավար Սերգեյ Շիրոկովի եւ նրա թիմակից Իրինա Տրուշկինայի հետ եւ քննարկել ծրագրի ընթացքին առնչվող հարցեր։ Նա այցելել է նաեւ Սանկտ-Պետերբուրգի պետական ագրարային համալսարան, որտեղ հանդիպում եւ քննարկում է ունեցել համալսարանի ռեկտոր, անասնաբուժական գիտությունների դոկտոր Վիտալի Մորոզովի, ուսումնական, նորարարությունների եւ միջազգային գործերի գծով պրոռեկտոր, գյուղ. գիտ․ դոկտոր Նադեժդա Ցիգանովայի, Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Լյուբով Վիննիչեկի հետ:

Քննարկման ընթացքում համալսարանի ռեկտորը եւ մյուս պատասխանատուները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ գործակցելու ցանկություն են հայտնել։ «Պետերբուրգցի գործընկերները մտադիր են առաջին իսկ հնարավորությունն օգտագործել ռեկտոր Ուռուտյանի հետ համագործակցության նոր շրջանակներ ուրվագծելու ուղղությամբ»,- ասաց Վարդան Ալեքսանյանը, որն այցը գնահատում է որպես հագեցած եւ արդյունավետ: