Գիտական ծրագրերի միջանկյալ հաշվետվություններ, տասը հայտ՝ Գիտկոմին, ՀԱԱՀ ՈւՓՏ-ները՝ առաջին հերթին․ գիտխորհրդի նիստը

Այսօր՝ փետրվարի 25-ին կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։

Գիտխորհուրդը հաստատեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում անվանական կրթաթոշակներ ստացող ուսանողներին, որոնց նախապես ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանը։

«Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքներով երաշխավորված գիտական ծրագրերի միջանկյալ հաշվետվություններ ներկայացրին թեմաների ղեկավարները՝ Գայանե Մելյանը, Արմինե Աբրահամյանը, Արթուր Ալթունյանը, Արամ Միքայելյանը եւ Մարիամ Սարգսյանը։ Զեկուցողները հակիրճ ներկայացրին ծրագրերի նպատակը, արդիականությունը, գիտական նորույթը, գործնական նշանակությունն ու տնտեսական արժեքավորությունը համալսարանի եւ առհասարակ ոլորտի համար։

Ռեկտոր Զաքոյանը շեշտադրեց բոլոր թեմաների շրջանակում փորձարկումներն ու հետազոտությունները ՀԱԱՀ-ի ուսումնափորձարարական տնտեսություններում կատարելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը, որի համար մեր տնտեսություններն ունեն բոլոր անհրաժեշտ հողատարածքներն ու ենթակառույցները։ «Համալսարանի գիտական բոլոր ստորաբաժանումների իրականացրած ծրագրերը պետք է ուղեցույց հանդիսանան, գործնական առաջարկներ բովանդակեն թե´ բուն ուսումնափարձարարական տնտեսությունների գործունեությունը բարելավելու, դրանց տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու եւ թե´ հարակից համայնքների տնտեսավարողներին առարկայական մասնագիտական օգուտ տալու առումով», – ասաց պարոն Զաքոյանը։

Ընթացիկ հարցերի բավական ընդարձակ շարքում գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց գիտական թեմաները՝ թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար։ Այնուհետեւ պարոն Ծպնեցյանը ներկայացրեց Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթին ներկայացվելիք տասը հայտ տարբեր ֆակուլտետներից եւ գիտական ստորաբաժանումներից։ Ծրագրերի մի մասը երաշխավորել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ այլ գերատեսչություններ։ Ի դեպ, որոշ ծրագրեր, մասնավորապես՝ կանաչ տարածքների ստեղծմանը/կառավարմանն առնչվող, վերաբերում են մայրաքաղաքին եւ քաղաքային այլ բնակավայրերի․ այս առումով ռեկտոր Զաքոյանը նշեց այդ թեմաների օրինաչափ լինելը, քանզի Ագրարային համալսարանը մասնագետներ է պատրաստում ե´ւ գյուղի, ե´ւ քաղաքի, ե´ւ մայրաքաղաքի համար։

Ընթացիկ հարցերի ցանկում էին նաեւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գագիկ Թովմասյանի զեկուցումը ֆակուլտետներից համալսարանի մեթոդական խորհրդին ներկայացված մասնագիտական կրթական ծրագրերում կատարված փոփոխություններն ու նոր ՄԿԾ-ները, որոնք եւս հաստատեց գիտխորհուրդը։

Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանն էլ հանդես եկավ միջազգային ծրագրերի մրցույթների կազմակերպման եւ անցկացման ընթացակարգում կատարված փոփոխությունների մասին զեկուցումով։ Ինչպես նկատեց ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, փոփոխությունների կարիքն առաջացել էր՝ հաշվի առնելով բազմաթիվ գործընկերների բարձրացրած հարցերը․ «Փոփոխություններն արվում են այն նկատառումով, որ վերապատրաստման կամ դասավանդման նպատակով արտերկիր այցելությունները չպետք է խաթարեն համալսարանի որեւէ ստորաբաժանման բնականոն գործունեությունը, միաժամանակ պետք է բարձրանա հաշվետվողականությունը․ ելակետը պետք է լինի այն, թե յուրաքանչյուր այցելություն ինչ է տալիս համալսարանին»։