Բուհ-դպրոց անքակտելի կապ․ ԴՆԹ տիրույթ՝ վիրուսից մինչեւ մարդ արարած

Այսօր՝ մարտի տասին նախագծային աշխատանքներ իրկանացնող հերթական աշակերտներին էինք ընդունել, որոնք քիչ էին թվով, բայց մեծ՝ հետաքրքրությամբ: Տեղեկացված ու հետաքրքրված լինելու գլխավոր «մեղավորը» անշուշտ ուսուցչուհին էր՝ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի հիմնական դպրոցում կենսաբանություն ավանդող Ռուզաննա Չերքեզյանը: Յոթերորդցիները նյութեր էին հավաքում-ամբարում-նախապատրաստում «Քիմիան մեր ձեռքերում», իններորդցիները՝ «Ի՞նչ են պատմում գեները» թեմաներով:

Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ, Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ-ում լաբորատորիայի վարիչ Մանվել Բադալյանը միայն իրեն հատուկ՝ վարակիչ խանդավառությամբ պատանիներին հետաքրքրող տեսական հարցերին անդրադարձավ՝ ԳՄՕ-ներ, գենետիկական քարտեզներ, կենսատեղեկատվական գերժամանակակից ծրագրակազմեր: Նա հարցեր էր տալիս, պատասխաններ լսում, ավելի խորությամբ բացատրում այն ամենն ինչ կարեւորում էին աշակերտները: Իսկ հետո վերը նշված ամբիոնի ասիստենտ Իրեն Մովսիսյանը, դպրոցականների հետ միասին, նրանց շատ մատչելի բացատրելով, համբերատարորեն փորձ իրականացրեց: Պարմանուհիները իրենց ձեռքերով բանանի ԴՆԹ-ն անջատեցին, լուսանկարեցին, տեսագրեցին, մի խոսքով՝ այն ամենն ինչ ենթադրում է ժամանակակից հանրակրթությամբ սահմանված նախագծային աշխատանքը (վերջին տարիներին լավագույն նորույթներից մեկն է սա):

Այս հանդիպումը շատ լավ օրինակ է, թե ինչպես գործին նվիրված ուսուցիչը, մեր գործընկերները, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Մարիամ Ատալյանը կարողանում են ներդաշնակ-համատեղ աշխատել ի նպաստ երեխաների բարձրակարգ-բարձրորակ կրթության: