Դեկտեմբերի 9-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հրաչյա Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարինե Մալխասյանը, նույն ամբիոնի դասախոս Կարինե Մնացականյանը երկրորդ կուրսեցիների հետ հանդիպման էին հրավիրել մեր բուհի շրջանավարտ Իշխան Սարգսյանին, որն իր անձնական հրաշալի փորձ-օրինակով եկել էր վկայելու, որ մեր բուհը աշխատաշուկայում մրցակցային կայուն հենք է տալիս իր սաներին, ամուր հող՝ առաջընթացի համար:
Դեկանը նշեց, որ ագրարային էկոնոմիկայի առանձնահատկություն-նրբությունները ուսումնասիրում են հատկապես եւ խորությամբ միմիայն մեր բուհում, եւ այս հանգամանքը նկատելի առավելություններ է տալիս մեր սաներին ու շրջանավարտներին:
Իշխան Սարգսյանը բակալավրիատից արդեն կարողացել է հաջողությամբ համատեղել կրթությունն ու աշխատանքը: Մագիստրատուրայի դասերը երեկոյան իրականացնելու շնորհիվ նաեւ այս աստիճանում է կարողացել փայլուն սովորել: Ավարտաճառի ղեկավար տիկին Մնացականյանը շեշտում էր՝ երբեք աշխատանքի պատճառով չի թերացել:
Այս հանդիպումը նաեւ հնարավորություն էր, որ մեր հյուրը ներկայացնի իր աշխատավայր Ֆասթ բանկը: Այն մեր երկրում ամենահին մասնավոր ֆինանսական ընկերությունն է՝ հիմնադրված 1994-ին: Իշխան Սարգսյանը եւ աշխատակցուհիները պատմեցին բանկի առանձնահատկությունների, թափանցիկության, ռազմավարական, վարկային ծրագրերի մասին, հատկապես շեշտը դնելով գյուղոլորտում իրականացվողների վրա:
Մեր ուսանողներն էլ, ինչպես ժողովուրդն է ասում՝ Աստված տվել՝ չի խնայել, իհարկե անչափ հետաքրքրված ստացած տեղեկատվությունից անդադար հարցեր էին տալիս, չնկատելով, որ վաղուց արդեն սպառված է դասաժամը:
-Մեր բուհը ձգտում է, որ աշխատաշուկա տանող ճանապարհը արդյունավետ լինի եւ մեր շրջանավարտների հաջողության պատմությունները կօգնեն, որ ավելի համարձակ գնաք ձեր երազանքների ետեւից,-դասն ամփոփելիս ասաց Կարինե Մնացականյանը:






















