Վիշեգրադ + նախագծի շրջանակում անցկացվող վերապատրաստումների շարքում «Բարեկեցություն» մոդուլը վարում էր Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Դիանա Վարդանյանը։
Դասընթացի ժամանակ բանախոսը ներկայացրեց բարեկեցության եւ անձնական զարգացման, հոգեւոր, սոցիալական, ֆինանսական եւ հասարակական բարեկեցության կարեւոր թեմաները։ Մասնակից ուսանողները, մասնավորապես, ծանոթացան բարեկեցության համաթվին, բարեկեցության անիվին եւ սովորեցին գործական հմտություններ․ ինչպես կարելի է ապրել ավելի բարեկեցիկ` բարձրացնելով բարեկեցության համաթիվը, գրագետ կառավարելով ֆինանսները, հոգ տանելով շրջակա միջավայրի մասին եւ արդյունավետ կերպով հաղորդակցվելով շրջապատի եւ հանրույթի հետ։
Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ եղանակով` կիրառելով մտագրոհներ, թիմային աշխատանքներ, ֆոկուս խմբեր եւ այլ ձեւաչափեր։ Ինչպես եւ մյուս երկու մոդուլների պարագայում, ուսանողների հետաքրքրության ու ակտիվության պակաս չեղավ։
Վերապատրաստումներն իրականացվում են «ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐԻ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՈՒՄ. V4 ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ» նախագծի շրջանակում, հայաստանյան համակարգողը ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանն է, իսկ ՀԱԱՀ երեք փորձագետ-դասախոսների վերապատրաստումն իրականացրել է նախագծի գլխավոր փորձագետ, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի դասախոս Լիանա Վարդանյանը։
Նախագիծը համաֆինանսավորում են Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի Վիշեգրադ դրամաշնորհների միջոցով։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եւրոպայում։
Այսպիսով, բոլոր երեք մոդուլների դասընթացներն անցան ուսանողների (եւ ոչ միայն) արտակարգ հետաքրքրվածության եւ մասնակցության պայմաններում։ Անհրաժեշտ է նշել «Ինքնաներկայացում», «Ինքնակառավարում» եւ «Բարեկեցություն» մոդուլների համար վերապատրաստված ՀԱԱՀ փորձագետ դասախոսների, համապատասխանաբար՝ Արուսյակ Ղարիբյանի, Արման Հարությունյանի եւ Դիանա Վարդանյանի մասնագիտական վարպետությունը, գիտելիքները, փորձն ու գործնական հմտությունները, որ պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ փոխանցեցին երիտասարդներին։ Ակնհայտ է, որ իրենց հերթին իրենք էլ շատ արդյունավետ վերապատրաստում են անցել հունվար ամսին՝ նախագծի գլխավոր փորձագետ Լիանա Վարդանյանի ղեկավարությամբ։