Երեկ՝ մարտի 13-ին, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունել է Հայ-հունական քոլեջի, իսկ այսօր՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների եւ դասախոսների խմբերին՝ մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում։ Ագրարայինի կրթական ծրագրերը, ագրարային հիմնական մասնագիտություններով ընդունելության արտոնյալ պայմաններին, ուսումնական միջավայրին, փորձուսուցման եզակի գործելակերպին, արտերկրում ուսանելու եւ հարակից այլ հնարավորությունների ծանոթացնելու նպատակով տիկին Մնացականյանը հրավիրել էր նաեւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանին եւ վարչության ուսումնական գործընթացի համակարգման բաժնի վարիչ Հայկ Մկրտչյանին։
Հայ-հունական քոլեջի ուսանողները (հատկապես ուսանողուհիները) արտակարգ հետաքրքրվածություն ցուցաբերեցին ագրարային բազմաթիվ մասնագիտությունների նկատմամբ, իսկ Արմավիրի իրենց հասակակիցների կողմնորոշումն ավելի հստակ էր եւ ավելի միակողմանի՝ չէ որ միայն Կաթիլային ոռոգման տեխնոլոգիաներ մասնագիտության ուսանողներն էին եկել։ Երկրորդ տարբերությունն այն էր, որ Հայ-հունականի պատվիրակությունը գլխավորապես աղջիկներից էր բաղկացած, մինչդեռ արմավիրցիներինը՝ զուտ տղաներից։
Սակայն կարեւորն այս ակամա «գենդերային» տարբերության արձանագրումը չէ, այլ՝ պատկառելի պատմություն ունեցող երկու քոլեջների սաների ընդհանրությունները․ նրանք խելացի են, շրջահայաց եւ կարծես թե գիտեն, թե ինչ են ուզում իրենք իրենցից, իսկ ակնկալիքները Ագրարային համալսարանից եւ իրենց ապագա մասնագիտությունից՝ շատ ավելի հստակ դարձան։ Այս մասին են վկայում հարցերի նպատակայնությունն ու առատությունը (Հայ-հունականի աղջիկների դեպքում՝ տարափը), որ նրանք հասցեագրեցին համալսարանի թե աշխատակազմի ղեկավարին եւ թե Ուսումնական գործընթացի կառավարման վարչության ու տարբեր նորարարական կենտրոնների ու լաբորատորիաների պատասխանատուներին։
Ագրարային համալսարանը մշտապես բաց է բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցության համար։ Հայ-հունական եւ Արմավիրի տարածաշրջանային քոլեջները, որոնց դասախոսների մեջ քիչ չեն ՀԱԱՀ շրջանավարտները, այդպիսի սերտ համագործակցության շատ լավ օրինակներից են։