Արդեն ամրակայված նվաճում․ աշխատանքային կիսամյակը փոխում է շրջանավարտի կյանքի հետագա ընթացքը

Նոյեմբերի 15-ին Ագրոնոմիական ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներն հաշվետվությամբ ամփոփում էին աշխատանքային  կիսամյակի արդյունքները, իսկ հեռակա համակարգի 5-րդ կուրսեցիները՝ աշխատանքային փորձուսուցման շրջանը: Ոլորտի առանձնահատկության պատճառով աշխատանքային կիսամյակը մեկնարկում է ամռան սկզբին, երկրորդ փուլը՝ ավարտվում է աշնան վերջին:

Բազմիցս առիթ ունեցել ենք շեշտելու, որ Ագրարայինը բուհերից առաջինն է (եւ դեռ միակը), որ ներդրեց աշխատանքային կիսամյակը, եւ հենց առաջին տարվա ավարտին ակնհայտ էր, որ այն հաջողված գաղափար է: Հատկապես փայլուն էին, եւ հիմա կարող ենք արձանագրել, որ ե΄ն ագրոնոմիական ֆակուլտետի սաների արդյունքները: Նրանց մեծ մասին անմիջապես պահում եւ հաստատագրված աշխատանքով են ապահովում գործատուները: Քիչ չեն դեպքերը, որ երիտասարդները հնարավորություն են ունենում մի քանի ընկերություններից ընտրել իրենց ավելի հոգեհարազատ ոլորտը:

Այս մի քանի ամիսների ընթացքում մեր սաների վարքագծում սար ու ձորերի տարբերություն կա: Աճն ակնհայտ է: Նրանք ավելի կազմակերպված, ավելի գիտակ-«տեսած» երիտասարդ մասնագետներ են այլեւս, որոնց ճակատից ջնջված է «աշխատանքային փորձառություն չունի» խարանը, որը նախկինում շատերի համար լուրջ խոչընդոտ էր դառնում կայանալու ճանապարհին: Հիմա մերոնք կայացած են: Եւ դա տեսանելի է հաշվետվությունը վստահորեն ներկայացնելու կարողությունից, ցուցադրական նյութերից, որտեղ լուսանկարներով փաստված է ողջ գործընթացին նրանց մասնակցությունը, վերլուծություն-աղյուսակներից, որոնք ավարտական աշխատանքների հիմքն են կազմելու:

Հ.Գ. Բոլոր ընկերությունները ամենաբարձր գնահատականն են նշանակել ուսանողներին եւ շնորհակալություն են հայտնել բուհին՝ ժամանակի պահանջները բավարարող մասնագետներ պատրաստելու համար: