Ավստրիական զարգացման գործակալության նորանշանակ ղեկավարների այցը ՀԱԱՀ

Փետրվարի 4-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Ավստրիական զարգացման գործակալության (ADA) գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ֆրիդրիխ Ստիֆտին (պաշտոնը ստանձնել է 2021թ․ մայիսին), ADA-ի Երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կապեր Կլաուսին, ADA-ի կանաչ տեխնոլոգիաների գծով փորձագետ Վարդան Թոռչյանին։ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում կայացած հանդիպմանը ներկա էին ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ ՀԱԱՀ բնապահպանական ծրագրերի զարգացման գծով խորհրդական, CIM-ի եւ GIZ-ի փորձագետ Էմիլ Գեւորգյանը։

Ավստրիացի գործընկերների այցի նպատակը միմյանց ճանաչելն ու ADA-ից ՀԱԱՀ-ի եւ ICARE-ի՝ նախկինում ստացած եւ ընթացիկ աջակցության ծրագրերի քննարկումն էր (ներառյալ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության (EU-GAIA) շրջանակում իրականացվողները)։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկայացրեց Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) եւ դրա գործառնական միավոր Ավստրիական զարգացման գործակալության (ADA)-ի հետ ռազմավարական գործակցության արդյունքներն ու ներկա ոլորտները։ Պարոն Ուռուտանը մասնավորապես կանգ առավ գործընկերային APPEAR ծրագրի շրջանակում 2017-2020թթ․ Վիեննայի բնական ռեսուրսների եւ բնական գիտությունների համալսարանի (BOKU) եւ ICARE հիմնադրամի հետ հաջողությամբ իրականացված «Խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում» (BOAA) նախագծի վրա։ Նախագծի շրջանակում մասնավորապես, մասնակցային սկզբունքով, օրգանական գյուղատնտեսության տարբեր շահակիցների ուժերով մշակվել է օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր։

Որպես տրամաբանական շարունակություն, 2022թ․ մարտի 1-ին կմեկնարկի «Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հզորացում» նախագիծը, որ մեր համալսարանը կիրականացնի ավստրիական նույն համալսարանի հետ, ընդ որում այս անգամ (որ եզակի դեպքերից է մեր իրականության մեջ) համակարգող հաստատությունը հենց ՀԱԱՀ-ն է։ Եռամյա նախագծի թիրախը բարձրագույն կրթության զարգացման եւ արդիական գիտելիքների փոխանակման լավագույն հնարավորություն է ընձեռում։

Այնուհետեւ ռեկտոր Ուռուտյանը նեկայացրեց EU-GAIA-ի շրջանակում իրականացված աշխատանքները՝ գյուղատնտեսական երկու ԱԹՍ-ների եւ հատուկ այլ սարքավորումների տրամադրումը համալսարանին, ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրի մշակման եւ դասավանդման նպատակով արտերկրի փորձագետների ներգրավումը, կայուն գյուղատնտեսության թեմաներով մասնագիտական հինգ ձեռնարկների հրատարակումը, ԵՄ եւ ADA ֆինանսավորմամբ գյուղատնտեսական կանաչ ագրոտեխնոլոգիական ստարտափների մրցույթի երկու փուլերի անցկացում, հողի անալիզի լաբորատորիաների հիմնում Վանաձորի եւ Շիրակի մասնաճյուղերում եւ այլն։

ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը ներկայացրեց ADA/ADC-EU-GAIA գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերը՝ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագիծը, ոռոգման ավտոմատ համակարգերի, կանաչ եւ կլիմայակայուն գյուղատնտեսության փորձացուցադրական տեղամասերի հիմնում, հողի եւ կենսաբազազանության հետազոտություն։

Գործակցության հետագա ուղղությունները քննարկելիս, պարոն Ստիֆտը շեշտադրեց Ագրարային համալսարանի եւ ICARE հիմնադրամի հետ փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը թե´ ընթացիկ ծրագրերի եւ թե´ ապագա նախաձեռնությունների շրջանակում։ Ռեկտոր Ուռուտյանը ներկայացրեց նորարարական եւս մի քանի գաղափարներ՝ նշելով հնարավոր ուղղություններն ու ընդգրկվելիք տարածաշրջանները։ Նա հատուկ ուշադրություն հրավիրեց Սյունիքի մարզի զարգացման ներուժի վրա, որին մեծապես կօգնեն Ագրարային համալսարանի՝ մարզում գործող ենթակառույցներն ու շահակիցների ընդլայնվող ցանցերը։