Առինքնող են գինին, պատումը եւ հեղինակը․ համտեսի դաս ՊՓ ուսանողների համար

Պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները նոյեմբերի 10-ին Ի Վի Էն գինու ակադեմիայի համտեսի սրահում եւ լաբորատորիայում անցկացրեցին գինու որակի գնահատման դաս, այլ խոսքով՝ համտես-փորձաքննություն ․․․ Անասնաբուժական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանի ղեկավարությամբ։ Բանն այն է, որ անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալթունյանը ուսանողների դատին էր ներկայացրել իր իսկ հեղինակած կարմիր անապակ եւ սպիտակ ռեզերվ գինիները։

Դասախոսը բացատրեց համտեսի նպատակը, փուլերն ու նրբությունները, բաժակների ձեւը, ընտրության չափանիշները, համտեսի գործընթացում օգտագործվող նախուտեստները (որ դարձյալ սեփական ձեռքով էր պատրաստել), որից հետո սկսվեց «ճամփորդությունը» Ալթունյան գինիների հետաքրքիր աշխարհում։ Ուսանողները գնահատեցին գինիների թափանցիկությունը, գույնը, փունջը, համը եւ տիպը։ Գործընթացը գրավիչ էր, ուսանելի, գինու մասին դասախոս-հեղինակի պատումը, ինչպես բուն գինին՝ առինքնող, հստակ ու հիշվող «հետհամով»։

Ուսանողները եղան նաեւ գինու քիմիայի լաբորատորիայում եւ վարիչ Միքայել Միքայելյանի օգնությամբ սովորեցին, թե ինչպես են որոշարկում ալկոհոլի ծավալային տոկոսն ու ծծմբի երկօքսիդը։

Գինու համտեսի սրահը եւ գինու քիմիայի լաբորատորիան ունեն արդիական բոլոր հնարավորությունները՝ գինու ժամանակակից կրթություն ստանալու համար։ Ընդ որում այս հնարավորություններից օգտվում են ոչ միայն գինեգործ ուսանողները, այլեւ պարենամթերքի փորձագետները, քոլեջի սաները, կարճաժամկետ դասընթացների մասնակիցները, դպրոցականները։