Հացի եւ հրուշակագործության լաբորատորիան պաշտոնական բացումից ընդամենը մի քանի օր անց սկսեց բուն գործունեությունը եւ այլեւս պարապ օր չի տեսնում: Հացագործների եւ հրուշակագործների վերապատրաստման մեկամսյա դասընթացի առաջին խումբը հասել է «շոկոլադե» մոդուլին. մեկ տեսական դասից հետո՝ երկու գործնական:
Լաբորատորիայի համադրող Նարինե Հովհաննիսյանի հրավերով դասընթացը վարում է ՀԱԱՀ շրջանավարտ, շոկոլադի արդյունաբերությունում մեծարժեք փորձ ունեցող մասնագետ Գայանե Ապերյանը: «Շատ կարեւոր է, որ դասընթացավարները, որոնց մենք հրավիրում ենք, ինչպես օրինակ՝ Գայանեն, ոչ միայն ոլորտի առաջատար եւ առաջադեմ մասնագետներ են, այլեւ մեր գաղափարակից գործընկերները, հիմնականում՝ մեր համալսարանի շրջանավարտներն ու համալսարանի նոր օրով ոգեւորված եւ ընդհանուր առաջընթացում իրենց կամավոր ներդրումը անելու նվիրվածությամբ», – ասում է տիկին Հովհաննիսյանը:
Իսկապես, ինչպես պարզորոշ երեւաց շոկոլադի պատրաստման գործնական դասի ժամանակ, Գայանե Ապերյանը միայն սովորեցնելու համար չէ, որ եկել է հարազատ համալսարան. եկել է նաեւ իր բաժինն ամրագրելու համալսարանի՝ ամեն օր կերտվող հաջողությունների պատմության մեջ, ուրախանալու այդ հաջողություններով, կապեր ստեղծելու մասնագիտության մեջ խորանալ ցանկացող երիտասարդների հետ, խրախուսելու նրանց՝ միմյանց եւ համալսարանի հետ կապերը:
Այս ամենը տեղի է ունենում գրեթե ամեն օր՝ առաջին մասնաշենքի առաջին հարկում տեղակայված գեղեցիկ, կոկիկ, անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու հարմարություններով հագեցած լաբորատորիայում՝ ստեղծագործական ոգեւորության, գրեթե ծիսակարգային արարման մթնոլորտում: Այսօրվա դասի բազմաքայլ համագործողությունը, բոլորի անխտիր մասնակցությամբ շոկոլադի տարբեր տեսակների պատրաստման ժամերը ետեւում են, եւ ահա կարելի է համտեսել անուշահամ շոկոլադի տարակերպ բեկորները:
Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը՝ թե ոլորտում արդեն գործող ու ապագա մասնագետները եւ թե պարզապես քաղցրասերները, հստակ պատկերացում ունեն ՀԱԱՀ հացի եւ հրուշակագործության լաբորատորիայում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու իրենց «ճակատի» մասին:
Հացի-հրուշակեղենի մեկամսյա դասընթացի պահանջվածության մասին է վկայում այն փաստը, որ առաջինը չավարտած՝ առաջիկա մի քանի փուլերի խմբերն արդեն համալրված են: