Ապագա գինեգործներին հյուրընկալել է Արարատի գինու գործարանը

Հոկտեմբերի 3-ին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տեխ․ գիտ․ դոկտոր Սմբատ Դավեյանի եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Էլինա Գրիգորյանի ուղեկցությամբ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի առկա ուսուցման երկրորդ եւ երրորդ կուրսերի ուսանողները ուսումնաճանաչողական այց կատարեցին Արարատի գինու գործարան ՍՊԸ։

Գործարանում Ագրարայինի իրենց հին ու նոր գործընկերներին ջերմորեն դիմավորեցին համասեփականատերեր Արմեն եւ Հարութ Սարգսյան եղբայրները։ Անչափ հետաքրքիր շրջայցից հետո ուսանողները հաճույքով մասնակցեցին խաղողի մթերման գործընթացին, զրուցեցին նաեւ գործարանի հետ երկարամյա համագործակցության փորձ ունեցող ֆերմերների հետ։

Ոչ միայն գինեգործության, այլեւ ագրոպարենային համակարգի զարգացման ոլորտում մեծ փորձ ու հեղինակություն ունեցող Սարգսյան եղբայրների անցկացրած  բաց դասը ուսանողների համար մեծապես ճանաչողական էր՝ մասնագիտական նոր գիտելիքներ ստանալու, արտադրական որոշակի «գաղտնիքների» ծանոթանալու տեսակետից։

Հետաքրքիր, օգտակար եւ հիշարժան հանդիպումն ավարտվեց Արարատի գինու գործարանի անուշահամ գինիների համտեսով։