Մշակութային եւ գիտահետազոտական հետաքրքրությունները սահման չունեն․․․ Միջազգային կապերի դեպարտամենտը Էրազմուս +ՀԳ 1 ծրագրի շրջանակում ընդունել է Մարկո Բայիսին, որը Հռոմի Սապիենցա համալսարանի դասախոսներից է, որ միանգամայն անշահախնդրորեն նվիրվել է հայագիտական հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու գիտելիքի սփռմանը: Նրա ուսանողների շարքում շատ են ազգությամբ ոչ հայ երիտասարդները, որոնք հետաքրքրությամբ հայոց պատմությունն ու մշակույթը դիտարկում են Անտիկ աշխարհի, բյուզանդական շրջանի ընդգրկուն համապատկեր-հոլովույթում:
Սեպտեմբերի 18-ին առաջին մասնաշենքի ընթերցասրահում մեր հյուրը դասախոսություն կարդաց բակալավրիատի առաջին կուրսեցիների, իսկ 19-ին՝ պատմագիտությամբ հետաքրքրվող ուսանողների եւ աշխատակիցների համար: Թեման Թովմա Մեծոփեցու «Պատմութիւն Լանկ Թամուրայ եւ յաջորդաց իւրոց» աշխատությունն էր:
Թեեւ պարոն Բայիսը անգլերեն էր պատրաստել իր խոսքը, բայց ակնհայտ էր, որ երիտասարդների մեծ մասին ոչ միայն չխանգարեց-խոչընդոտ չեղավ լեզվական խնդիրը, այլեւ ավարտին դեռ երկար զրուցում- քննարկում – հարցեր էին ուղղում բանախոսին: Լսարանն իսկապես հետաքրքրված էր:
Մարկո Բայիսի հայագիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկուն է եւ գրաբարի իմացության շնորհիվ կարողանում է ուսումնասիրել միջնադարի հայկական սկզբնաղբյուրները: Երկրորդ օրը բանախոսը շարունակեց իր դիտարկումները՝ Մեծոփեցու հիշյալ աշխատության որոշ հատվածներ համակողմանիորեն քննելով համեմատական լեզվաբանության տեսանկյունից:
Օրվա երկրորդ կեսին Մարկո Բայիսը այցելեց Ս․ Էջմիածին, Մայր Աթոռի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի եւ հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի օգնությամբ մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ հնատիպ գրքերի շտեմարանին: