Ագրոձեռնարկատիրություն. շահառուները գոհ են դասընթացից

«Ագրոձեռնարկատիրություն» դասընթացը, որը ՀԱԱՀ-ում մեկնարկել է սեպտեմբերի 6-ին, թեւակոխել է ավարտական փուլ, կավարտվի հոկտեմբերի 1-ին: Դասընթացներն անցկացվում են «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» փորձնական ծրագրի շրջանակում, որն իրականացվում է մեր գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից SIDA-ի գործընկեր HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ: Այս ծրագիրն, իր հերթին, մեկնարկել է 2020թ. հուլիսին եւ կավարտվի 2022թ. ապրիլին:

Աշխատաշուկայի՝ հետազոտության միջոցով վերհանված պահանջների վրա հիմնված «Ագրոձեռնարկատիրություն» դասընթացը բաղկացած է 11 հանիպումներից: Դրանք վերաբերում են ձեռնարկատիրության տնտեսական բնույթին ու գործառույթներին, իրավակազմական ձեւերին, ՀՀ-ում զարգացման միտումներին, մոդելներին, նորարարական տեխնոլոգիաներին, կապիտալ ներգրավելու ձեւերին եւ աջակցության ուղղություններին:

Թեմաների արդիականությունը ակնհայտ է, վճարովի դասընթացին մասնակցելու պատրաստակամությունը՝ գովելի, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելուց հետո շահառուների համարժեք արձագանքը՝ սպասելի: Լսարանում պատահական մարդիկ չկան՝ ֆերմերներ, ուսանողներ, գործող ձեռներեցներ, ոլորտի մասնագետ-պատասխանատուներ, դասախոսներ: Ընդհանուր առմամբ, նրանք համոզված են, որ ձեռք բերած տեսական եւ գործնական հմտություններն իրենց թույլ են տալու, մասնավորապես՝ հաշվել կաթիլային ոռոգման եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծախսերը, կազմել ագրոձեռնարկատիրության CANVAS մոդել եւ պարզունակ բիզնես պլան, կիրառել մարկետինգի ավանդական եւ թվային գործիքներ, կատարել ագրոձեռնարկատիրական ռիսկերի քարտեզագրում եւ ռիսկի անձնագրի կազմում, ամփոփ ներկայացնել սեփական բիզնես գաղափարը եւ այլն:

Դասընթացավարների կազմը ընտրվել է ոլորտի լավագույն մասնագետներից՝ մեծամասամբ Ագրարային համալսարանի (Հովհաննես Երիցյան, Հասմիկ Գեւորգյան, Արման Հարությունյան, Արման Տոնիկյան, Անի Կիրակոսյան,  Ստելլա Գաբրիելյան, Անիկ Ասատրյան, Գեւորգ Հարությունյան):

Դասընթացի կազմակերպչական հարցերով զբաղվող ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինն, ինչպես միշտ, հստակ կերպով իրականացնում է նաեւ այս հանձնառությունը: