ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը նպաստում է Դեբեդ գյուղի նորաստեղծ կոոպերատիվի կայացմանը

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը որպես հրավիրյալ բանախոս մասնակցել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագծի կազմակերպած «Իմ գյուղատնտեսական կոոպերտիվը» դասընթացին: Դեկտեմբերի 13-18-ը կայացած դասընթացի մասնակիցները, որ հիմնականում նորաստեղծ «Ձորի հասկ» կոոպերատիվի անդամներն էին, հիմնավոր եւ շատ կարեւոր գիտելիքներ ստացան պարոն Ուռուտյանից՝ գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնման եւ կառավարման սկզբունքների ու նրբությունների վերաբերյալ:

Գաղտնիք չէ, որ գյուղկոոպերատիվների եւ առհասարակ կոոպերատիվ շարժման զարգացման գործընթացը մեզանում տարաբնույթ՝ մտածելակերպայինից մինչեւ օրենսդրական, բավականին լուրջ խոչընդոտների է հանդիպում: Այս առումով ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի թիմը վստահ է, որ գործունեության հենց սկզբում փորձառու եւ հեղինակավոր մասնագետների ներգրավումը դեբեդցի նորաթուխ կոոպերատորներին մեծապես կօգնի ճիշտ կազմակերպել գործունեությունը:

Բացի ռեկտոր Ուռուտյանից, դասընթացի ընթացքում կոոպերատիվի անդամներին բրենդինգի, մարկետինգի, ֆինանսական կառավարման հիմունքների եւ այլ թեմաների շուրջ իրենց գիտելիքներին ու փորձին հաղորդակից են դարձրել համապատասխան ոլորտների փորձագետներ Գոռ Մովսիսյանը, Էլվինա Ասատրյանը, Ռոբերտ Գրիգորյանն ու Սարգիս Մկրտչանը:

Մեր գործընկեր ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը բավականին ամբողջական, ավարտուն վերապատրաստում էր նախատեսել նորաստեղծ կոոպերատիվի անդամների համար՝ դասընթացի երկու օրը նվիրելով հաղորդակցման, հանրային խոսքի եւ գործարար բանակցությունների հմտությունների փոխանցմանը դեբեդցիներին: Այս թեմային հարիր ինտերակտիվ, աշխույժ ու ջերմ մթնոլորտն էլ ապահովեց հմուտ վերապատրաստող Վարուժան Ավանեսյանը:

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ում հույս ունեն, որ դասընթացի ընթացքում կոոպերատիվի անդամների ստացած գիտելիքները, փորձառությունը եւ անթաքույց ոգեւորությունը կնպաստեն նրանց միասնական գործի հետագա հաջողությանը:

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրն իրականացնում է ICARE հիմնադրամը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: