Երեկ՝ հունիսի 26-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ամփոփվեցին ավարտաճառերի պաշտպանությունների արդյունքները: Դիտարկեցին հանձնաժողովների նախագահների մատնանշած լավն ու վատը: Վերջինը շտկելու ուղիները նախանշեցին: Օրինակ՝ ճարտարագետների նախագծերի-նախահաշվարկների դեպքում տնտեսագետ-խորհրդատուի անհրաժեշտություն կա, թե ոչ: Տասնամյակներ շարունակ ուսանողներն այդ ամենն արել են անմիջական ղեկավարի աչալուրջ հսկողությամբ-աջակցությամբ: Ջրային եւ հողային ռեսուրսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը նկատեց, թե ի վերջո ագրարային ոլորտի նախագծերի տնտեսական արդյունավետությունը կարող է հստակ լինել աշխատանքերի ավարտից, ներդրվել-գործարկումից առնվազն 1-2 տարի հետո միայն: Գիտխորհուրդը ամփոփեց նաեւ ուսանողական գիտաժողովի համալսարանական փուլում ֆակուլտետի ներկայացուցիչների մասնակցությունը: Ճարտարագետները իսկապես լավ զեկուցումներով հանդես եկան: Պրոֆեսոր Պարույր Էֆենդյանի կարծիքով շատ կարեւոր է, որ լավագույն աշխատանքները տպագրվեն, որը խթան կլինի երիտասարդների համար ավելի լավ աշխատելու: Ներկաներին իրազեկեցին, որ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարված: Կա երեք հայտ. գործող դեկանը՝ տ.գ.թ., դոցենտ Արման Սիմոնյան, Մեքենասարքավորումների ճարտարագիտություն եւ տեխնիկական անվտանգություն ամբիոնի դոցենտ Լիանա Խաչատրյան եւ բուհի նախկին դասախոս, դոցենտ Հայկ Ղազարյան: Հավակնորդներն իրենց ծրագրերը կներկայացնեն համալսարանի գիտխորհրդի նիստում, եւ փակ, գաղտնի քվեարկությամբ կորոշվի, թե առաջիկա տարիներին ով է լինելու դեկան:

- 27/06/2025
- 2025