Ագրարային համալսարանում բացվեց փափուկ հմտությունների կենտրոն

Այսօր՝ մայիսի 16-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվեց Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն՝ «Փափուկ հմտությունների զարգացումը որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում։  Ըստ էության, միջոցառումը 2022 թ․ հունվարին մեկնարկած եւ այս տարվա հունիսին ավարտվող նախագծի փակումն էր, որ նշանավորվեց նշված կենտրոնի բացմամբ, որտեղ ՀԱԱՀ ուսանողները եւ գյուղատնտեսության ոլորտում գործող մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու համար կարեւոր փափուկ հմտություններ։ Նախագիծը համաֆինանսավորում էին Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները` Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով:

Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախագծում ՀԱԱՀ գործընկեր համալսարանների (Հունգարիայի գյուղատնտեսական եւ կենսագիտական համալսարան (MATE), Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում, Հարավային Բոհեմիայի համալսարան), Էրասմուս+ ազգային գրասենյակի, շահակից այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ջերմորեն ողջունեց գործընկերներին, մասնավորապես Վիշեգրադ հիմնադրամին՝ աջակցության համար։ Թեպետ նախագիծը մասշտաբով փոքր էր, սակայն շատ կարեւոր էր ՀԱԱՀ ուսանողների համար՝ այսօրվա աշխատաշուկայում մրցունակ լինելու համար խիստ անհրաժեշտ փափուկ հմտություններով ապահովելու իր հնարավորությամբ։ Այդ հմտությունների կարեւորության մասին են վկայում նաեւ Ագրարային համալսարանի եւ գործընկեր կազմակերպությունների անցկացրած հետազոտությունները։

Ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց նաեւ գործընկեր համալսարաններին՝ Ագրարային համալսարանի մասնագետներին վերապատրաստելու, համապատասխան մոդուլներ մշակելու գործում ցուցաբերած աջակցության համար։ «Նախագծի շրջանակում ստեղծված 5 մոդուլները՝ հաղորդակցման հմտություններ, քննադատական մտածողություն եւ հիմնախնդիրների լուծում, առաջնորդություն, հակամարտությունների եւ ժամանակի կառավարում, թիմային աշխատանք՝ առաջնային նշանակություն ունեն հայաստանյան աշխատաշուկայում։ Այս իմաստով, նորաստեղծ կենտրոնը գործելու է մեր համալսարանում շուտով գործարկվելիք Ուսանողների հաջողության կենտրոնի եւ գիտելիքի հաբի ամպհովանու ներքո։ Սրանով մենք հաստատութենականացնում ենք փափուկ հմտությունների կարեւորությունը՝ որպես վերջական նպատակ ունենալով Ագրարային համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտի՝ փափուկ հմտություններին տիրապետելը», – ասաց պարոն Ուռուտյանը։

ՀԱԱՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաեւ Էրասմուս+ ծրագրին, որի շարժունության-փոխանակման ծրագրերի հետ գործակցությունը նախագծի գործընկերների համար ապահովում է համազդեցության (սիներգիկ) էֆեկտ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նույնպես ողջունեց եւ շնորհավորեց ներկաներին՝ կենտրոնի բացման առթիվ։ Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ համաշխարհային աշխատաշուկան շարունակ ենթարկվում է կառուցվածքային վերափոխումների, որոնք ոչ միայն զարգացման հնարավորություններ են ստեղծում, այլ նաեւ վերածվում են նոր մարտահրավերների` մասնագետների առջեւ նոր տեսակի հմտությունների պահանջ առաջ քաշելով: «Բեկումնային տեխնոլոգիաները եւ ավտոմատացումը նոր հմտությունների պահանջարկ են առաջացնում եւ նոր պահանջներ սահմանում ուսումնական հաստատությունների համար: Մասնագիտական գիտելիքների եւ կարողունակության հետ համահունչ մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են ինչպես մետահմտությունները` մաթեմատիկան, լեզուները, հիմնարար գիտությունը, վերլուծական մտածողությունը, այնպես էլ փափուկ հմտությունները` հաղորդակցվելու կարողությունները, հուզական ինտելեկտը, առաջնորդությունը եւ սոցիալական ազդեցությունը: ՀՀ կառավարության ծրագրային նպատակներից է մարդու ստեղծարար հմտությունների զարգացումը իբրեւ երկրի զարգացման գրավական»,- նշեց պարոն Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ ներկայում մշակվող «Բարձրագույն կրթական ծրագրերի» համար հիմք է հանդիսանում «Որակավորումների ազգային շրջանակը», որը մասնագիտական հիմնարար գիտելիքների հետ զուգահեռ` սահմանում է փափուկ հմտություններին հատուկ ուսումնառության վերջնարդյունքներ. օրինակ` հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) եւ տվյալների հետ աշխատելու հմտություններ, ընդհանրական իմացական հմտություններ եւ այլն: Նա նշեց, որ մշակման փուլում է նաեւ Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգային փաստաթուղթը, որը նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների համար աշխատավայրում ձեռք բերելու պահանջվող համապատասխան փափուկ հմտությունները:

«Լիահույս եմ, որ կենտրոնը ամբողջովին ծառայելու է իր նպատակին, իսկ տեսնելով ՀԱԱՀ-ի բազմամյա կարեւոր գործունեությունը, վստահ եմ, որ համալսարանն էլ իր հերթին կնպաստի վերոնշյալ արդյունքների, նպատակների իրականացմանը, փափուկ հմտությունների զարգացմանն ու մասնագիտական տարբեր ոլորտներում դրանց կիրառմանը։ Շնորհակալ եմ այն աշխատանքի համար, որ իրականացնում եք ոլորտի բարեփոխման շրջանակում»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը եւ շնորհակալություն հայտնեց նաեւ գործընկեր համալսարաններին՝ ՀԱԱՀ-ի համակարգմամբ իրականացվող այս նախագծին օժանդակելու համար։

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչների կարճ ներկայացումներից հետո փոխնախարար Մարտիրոսյանը, ռեկտոր Ուռուտյանը եւ հյուրերը բացեցին Փափուկ հմտությունների զարգացման կենտրոնը՝ նորամուտը նշելով Ագրարային համալսարանի «Սերունդ» գինով։

Նորաբաց կենտրոնում վերոհիշյալ մոդուլների վերաբերյալ ներկայացումներով հանդես եկան Ագրարային համալսարանի վերապատրաստված մասնագետները։