Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, hraparak.am-ը հրապարակել է «Ագրարային համալսարանը խաբե՞լ է դիմորդներին» վերնագրով հերթական թույլիկ ու ինքն իրեն հակասող հոդվածը։ Տխրահռչակ լրատվամիջոցիկը հիշեցրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կայքում այս տարվա ապրիլի 29-ին հրապարակված «Ուրախալի լուր. 2023-2024 ուստարում Ագրարային ընդունվողների համար նախատեսվում է 70000 դրամ եւ ավելի կրթաթոշակ» վերտառությամբ «տեղեկատվության» մասին։
Սկսել են սխալ արտագրությունից՝ «ավելի»-ի փոխարեն «ավել» գրելով։ Ի դեպ, որպես խմբագրին եւս մեկ անշահախնդիր օգնություն, ոչ թե տեղեկատվություն, այլ՝ տեղեկություն։
Վերոնշյալ հրապարակման մեջ համալսարանի կայքը տեղեկացրել էր «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ կազմակերպություններում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ՆԱԽԱԳԾԻ մասին․ ըստ այդմ, ՀԱԱՀ 14 կրթական ծրագրեր ներառված էին այդ ցանկում։
Ընդ որում, այս տեղեկությունը մենք հրապարակել ենք դիմելու վերջնաժամկետից 4-5 օր առաջ, որը չէր կարող զգալի ազդեցություն ունենալ դիմորդների կողմնորոշման վրա, քանի որ նրանց ճնշող մեծամասնությունն արդեն կողմնորոշված էր։
Օգոստոսի 24-ին կառավարության ընդունած ՈՐՈՇՄԱՆ մեջ, այո, ՀԱԱՀ համար անակնկալ կերպով, ՀԱԱՀ մասնագիտություններից որեւիցե մեկը չի ներառվել ցանկում։ Նախագիծը ներկայում էլ հասանելի է հետեւյալ հղումով, բայց արդեն՝ Ագրարայինի մասնագիտությունները հավելվածից հանած՝ https://www.e-draft.am/projects/5566/digest։ Սակայն համոզվելու համար, որ այդ մասնագիտությունները եղել են ցանկում, կարելի է կարդալ այս հղմամբ հասանելի ամփոփաթերթը, որտեղ, մասնավորապես, առաջարկվում է նախագծում ընդգրկված 072101.03.06 «Սննդամթերքի անվտանգություն» և 072101.03.07 «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրերին (երկուսն էլ միայն ՀԱԱՀ-ում առաջարկվող կրթական ծրագրերից են) նման այլ կրթական ծրագրերը՝ 053101.04.6 «Սննդի անվտանգություն» և 053101.08.7 «Սննդի անվտանգություն» (ոչ ՀԱԱՀ-ում առաջարկվող կրթական ծրագրերից են) ևս ընդգրկել ցանկում։ Չեղած ծրագրերին հղու՞մ են կատարել։
Խմբագրությանը չի էլ մտահոգում, որ ինքն իրեն հակասում է՝ հոդվածի սկզբում մեջբերելով «նախատեսվում է» արտահայտությունը, իսկ վերջում՝ «․․․համալսարանը ապակողմնորոշել է դիմորդներին՝ նշելով, որ համալսարան ընդունվելու դեպքում կստանան 70000 դրամ» (բութն ու ստորակետի ճիշտ «բնադիրքը»՝ մեր կողմից)։
Ի դեպ, նույնկերպ մենք տեղեկացրել ենք որոշ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ՀԱԱՀ համակարգի քոլեջներ ընդունված ուսանողների համար նախատեսվող կրթաթոշակների վերաբերյալ որոշման նախագծի մասին․ այդ որոշումն ի վերջո ընդունվեց։
Վստահ ենք, «Հրապարակ»-ում հասկանում են որոշման նախագծի եւ որոշման տարբերությունը կամ «նախատեսվում է» բառի իմաստը։ Վստահ չենք մեկ այլ հարցում՝ եթե հասկանում են, բայց իրենց չհասկացողի տեղ են դնում, ապա հետեւյալ պնդմանը որքանով են համաձայն (լիովին, սրտանց, հպարտորեն, թրթիռով, ամաչելով, գաղտագողի․․․)՝ պատվիրատուն անգրագետ է եւ այնքան թշվառ վիճակում է հայտնվել, որ էլ չի պատկերացնում՝ ձեռքերը որ փրփուրներին գցի․ չէ որ Ագրարային համալսարանն Աստծո ամեն օր հիասթափեցնում է իր առաջընթացով՝ անխղճաբար տեղ չթողնելով կառչելու համար։
Իրենք իրենց եւ հանրությանը խաբելը «հրապարակների» ու դրանց տերերի մակարդակն է։ Մենք գործել եւ գործում ենք բարոյական դաշտում, ստեղծագործ աշխատանքի ու Հայրենիք շենացնելու դաշտում։ Մի փորձեք ձեզ նկատել տալ մի տեղ, որտեղ դուք չկաք եւ չեք կարող լինել․ ձեր կեղտաջուրը մեր դարմանի տակ չի հասնի։
- 08/09/2023
- 2023