Ագրարային համալսարանի աշխատակիցները՝ կիբերհանցագործների թիրախում

Վերջին շրջանում՝ 2025 թ․ հոկտեմբերից սկսած,  հայաստանյան կրթական հաստատությունների, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ թիրախավորվում են WhatsApp (հազվադեպ նաեւ՝ Viber) հարթակներում։ Հարձակումն իր բնույթով սոցիալական ինժեներիա է, որի մասին ավելի վաղ զգուշացում էր տարածել նաեւ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը։

Կիբերհանցագործները թիրախավորել են նաեւ Ագրարային համալսարանը․ նախ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի, ապա պրոռեկտորներ Գագիկ Թովմասյանի, Հրաչյա Ծպնեցյանի, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր Գրիգորյանի եւ այլոց  անուններով ու նկարներով կեղծ հաշիվներ են բացում  WhatsApp-ում, ապա նրանց անունից սկսում հաղորդագրություններ գրել եւ անգամ զանգահարել համալսարանի տարբեր աշխատակիցների, դասախոսնների։

Կապի հաստատումը սովորաբար սկսվում է հայերեն նամակագրությամբ։ Որոշ դեպքերում նկատվում է արհեստական բանականությամբ մեքենայական թարգմանության ազդեցությունը՝ հայերենով անհարթ ձեւակերպումներ, ռուսերեն չթարգմանված բառեր․․․ Կեղծ կոնտակտը սկզբում պնդում է, թե պարզապես փոխել է հեռախոսահամարը, առաջարկում գրանցել իր նոր հեռախոսահամարը։ Կարճ զրույցից հետո նա հայտնում է, թե իբր թիրախը դարձել է կեղծիքի զոհ․ թշնամի երկրի հանցագործները, իբր, միլիոնավոր դոլարներ են փոխանցել նրա բանկային հաշվին։ Այնուհետեւ խաբեբան հայտարարում է, թե գործով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։ Հարձակման այս փուլում զրուցակցին փորձում են խուճապի ենթարկել, վախեցնել՝ պետական դավաճանության կամ կեղծ ֆինանսական գործարքների մեղադրանքների «հեռանկարով»։ Այնուհետեւ, իբր թե իրավիճակը մեղմացնելու նպատակով, խաբեբան վստահեցնում է, որ ԱԱԾ-ն իրեն համարում է ազնիվ եւ հայրենասեր քաղաքացի, որը պարզապես պետք է համագործակցի հետաքննության հետ, եթե իր հետ կապվեն եւ այս ամենի մասին պետք է ոչ ոքի չասի եւ գործի իրենց հրահանգների համաձայն։

Հաջորդ փուլում զոհին զանգահարում է անծանոթ մի անձ եւ ներկայանում որպես ԱԱԾ աշխատակից։ Նա խոսում է ռուսերեն՝ բացատրելով, թե իբր սա Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ գործողություն է, եւ բոլոր հաղորդակցությունները պետք է արձանագրվեն ռուսերենով՝ որպես «ընդհանուր լեզու»։ Կեղծ ԱԱԾ աշխատակիցը թիրախին հորդորում է իր անձնական բանկային հաշիվներից բոլոր գումարները փոխանցել հատուկ «ԱԱԾ հաշվին»՝ իբր հանցավոր աղբյուրներից ստացված գումարներից դրանք առանձնացնելու նպատակով։

Բարեբախտաբար, այս արշավի ընթացքում Ագրարային համալսարանի մեր  գործընկերները հիմնականում կարողացել են ժամանակին խուսափել վտանգավոր զարգացումներից եւ իրենց գումարները  չեն փոխանցել կիբերհանցագործներին։

Վարկած կա, որ այս գործողությունների ետեւում կարող են կանգնած լինել օտարերկրյա պետության աջակցությամբ գործող ուժեր, եւ ֆինանսական հափշտակությունից բացի, թիրախավորված անձինք կարող են դառնալ շանտաժի կամ հարկադրանքի զոհ, նրանց  անձնական տվյալները՝ լուսանկարները, ձայնը, տեսանյութերը հնարավոր է  արհեստական բանականության կամ այլ ծրագրակազմերի օգնությամբ ձեւափոխվեն եւ օգտագործվեն  ի չարս։ Ուստի հորդորում ենք լինել զգույշ եւ չհավատալ որեւէ հավանական կեղծ լուսանկարի կամ տեսանյութի, որով կարող են ահաբեկել, շանտաժի ենթարկել ձեզ կամ ձեր մտերիմներին, գործընկերներին։

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀԱԱՀ ղեկավարությունը կոչ է անում համալսարանի աշխատակիցներին, դասխոսներին, ուսանողներին, գործընկերներին եւ առհասարակ բոլորին՝ զգուշանալ տարատեսակ կասկածելի զանգերից, հաղորդագրություններից, չբացել տարօրինակ հղումներ, չարձագանքել համալսարանի ղեկավարների, գործընկերների, կեղծ ԱԱԾ կամ բանկի, բջջային կապի օպերատորների զանգերին, որոնք կարող են, օգտագործելով արհեստական բանականության գործիքակազմը, անգամ գործընկերոջ ձայնով զանգել եւ հորդորել փոխանցել անձնական կամ բանկային տվյալներ կամ ինչ-ինչ գործողություններ կատարել։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՔ ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

  • Առաջինը՝ չվախենալ, խուճապի չմատնվել։
  • Չբացել նամակի մեջ եղած որեւէ կասկածելի հղում։
  • Անտեսել կամ բլոկավորել տվյալ հեռախոսահամարը։
  • Անջատել կասկածելի հեռախոսազանգը եւ փորձել պարզել երեւույթի իսկությունը։
  • Հետ զանգել եւ կապ հաստատել այն անձի հետ, որի անունից եղել է նախորդ կասկածելի զանգը, լինի գործընկեր թե բանկի, ԱԱԾ-ի կամ բջջային կապի օպերատորի աշխատակից։
  • Ոչ մի դեպքում մի՛ փոխանցեք ձեզնից որեւէ տվյալ՝ անձնագրի համար, բանկային կամ քարտային հաշվեհամար, CVV կոդ կամ այլ անձնական ու ոչ անձնական բնույթի տեղեկություն։
  • Շանտաժի դեպքում ասացեք, որ չեք վախենում եւ որ դուք կապ կհաստատեք ոստիկանության կիբերհանցագործությունների բաժնի հետ։
  • Դիմե՛ք ոստիկանության կիբերհանցագործությունների բաժին կամ այլ հասարակական կառույցների, որոնք պայքարում են կիբերհարձակումների դեմ, օրինակ՝ Cyberhub-ին ( կայքի հղումը՝ https://cyberhub.am/hy/ )` ստանալով խորհրդատվություն կամ տեխնիկական աջակցություն։
  • Բարձրաձայնե՛ք խնդրի մասին ձեր մտերիմների շրջանում կամ սոցիալական ցանցերի էջերում՝ զգուշացնելով ընկերներին, ծանոթ-բարեկամներին։

Եղե՛ք իրազեկ եւ պաշտպանված թվային միջավայրում։