«Ֆրուտենիա» մեգանախագիծը թեւակոխել է գործնական փուլ

Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ICARE) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ «Ֆրուտենիա» նախագիծը, որը մեկնարկել է այս տարվա գարնանը, թեւակոխել է գործնական փուլ: Հայաստանում այգեպտղաբուծության ոլորտի զարգացմանը միտված այս բազմաբաղադրիչ նախագծի կրթական բաղադրիչն ունի ՀԱԱՀ-ի ագրոնոմիական ֆակուլտետի առարկաների արդիականացման ու դասավանդման նոր մեթոդների ներդրման նպատակ: Ֆակուլտետում դասավանդելու համար կմշակվեն նոր, ոլորտում առավել պահանջարկված առարկաներ: Նախագիծը ֆինանսավորում է Ավստրական զարգացման գործակալությունը:

Նախագծի շրջանակում, գլխավորապես ՀԱԱՀ-ի մասնագետ դասախոսների ուժերով կատարվել է այգեպտղաբուծության ոլորտի զարգացման նախադրյալների ուսումնասիրություն, որի արդյունքները ելակետային նշանակություն ունեն նախագծի ընթացքի ու արդյունավետության տեսակետից: Այս ուսումնասիրությամբ վեր են հանվել ոլորտի հիմնախնդիրները, մասնագիտական կարիքները, վավերացվել են այգեպտղաբույծին առաջադրվող պահանջները, մասնագետների պատրաստման՝ Ագրարային համալսարանի առկա ներուժը, կարճաժամկետ դասընթացների անհրաժեշտությունն ու թեմատիկան, դիմորդների հետ աշխատանքի մեթոդաբանությունը եւ հարակից այլ հարցեր:

Ելակետային գնահատման արդյունքների հիման վրա արվել են «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա» մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական պլանի բարելավմանը, վերոնշյալ կարճաժամկետ դասընթացների մշակմանը, վերապատրաստողների վարապատրաստմանը, այգեպտղաբուծության տեղեկատվական կայքի ստեղծմանն առնչվող փաթեթներ:

«Ուսումնասիրելով  ելակետային  գնահատման  արդյունքները  և  հաշվի  առնելով ներկայացված  առաջարկությունները,  ինչպես  նաև  ոլորտի  շահակիցների  հետ առանձին  մասնագիտական  քննարկումների  արդյունքները,   տեղացի (ՀԱԱՀ դասախոսներ եւ ոլորտում գործող մասնագետներ) և միջազգային փորձագետների կարծիքները, մենք մշակում կամ արդաիականացնում ենք 7 առարկաների բովանդակությունը.  Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում, Տնկարանների հիմնում եւ կառավարում, Ընկուզավոր պտղատեսակների այգիների հիմնում եւ կառավարում, Հարակայուն գյուղատնտեսության հիմունքներ, Պտղաբուծություն, Ֆիտոպաթոլոգիա, Էնտոմոլոգիա», – ասում է տիկին Մեժլումյանը:

«Ֆրուտենիա» եռամյա մեգանախագծի շրջանակում, ՀԱԱՀ-ի Ոսկեհատ ուսումնափորձնական տնտեսությունում սկսվել են ինտենսիվ այգու հիմնման աշխատանքները, որը հագեցած կլինի նորագույն տեխնոլոգիաներով: Նախագծի այս բաղադրիչի ղեկավար Սարգիս Մկրտչյանի փոխանցմամբ, հիմնվող ինտենսիվ այգու համար Ոսկեհատի ՈՒՓՏ-ում առանձնացվել է 1,5 հեկտար հողատարածություն: Ավարտվել են հողի նախապատրաստման աշխատանքները, մրցույթ է հայտարարվել տնկիներ եւ համապատասխան տեխնիկա ձեռք բերելու համար. երկու մրցույթներն էլ ամփոփման փուլում են:

Զուգահեռաբար ընթանում են տարբեր մարզերի ու հողակլիմայական գոտիների՝ պտղաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններում, ներառյալ գործող ինտենսիվ այգիներում, ուսումնական բնոuյթի բազմաթիվ տեսանյութերի նկարահանման աշխատանքները: Սրաnք համալրելու են ստեղծվելիք կայքի ուսուցողական-տեղեկատվական բազան: