ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ապրիլի 20-ին ընդունեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Բերտրան Վենարին: Ճանաչողական, երկու համալսարանների միջեւ գործակցային կապերի ամրապնդման նպատակ հետապնդող այցի ընթացքում պրոֆեսոր Վենարը Ֆրանսիական համալսարանի իր գործընկերների հետ եղավ Ընդհանուր քիմիայի լաբորատորիաներում, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական տեխնոլոգիական կենտրոնում, Գնահատման եւ թեստավորման կենտրոնում, Ագրոտեխինկուբատորում, նորարարական ջերմատանը, Գինու ակադեմիայում, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում:
ՀԱԱՀ-ի եւ ՀՖՀ-ի միջեւ ծավալված համագործակցության առաջնային նպատակն է աջակցել երկու համալսարանների ուսանողներին՝ համալսարաններում գործող ենթակառույցների միջոցով ստեղծելու ստարտափներ կամ այլ նորարարական նախաձեռնություններով հանդես գալ: Այս առումով կարեւոր դերակատարություն ունեն ՀԱԱՀ Ագրոթեք ինկուբատորը եւ Ֆրանսիական համալսարանի Աքսելերատոր 28-ը: ՀԱԱՀ-ում առաջիկայում կսկսի գործել նաեւ Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը՝ հետաքրքիր նոր հեռանկարներով:
Հանդիպման ընթացքում ռեկտորները քննարկեցին նաեւ գործակցության՝ խոստումնալից ներուժ ունեցող նոր ուղիներ:
Պրոֆեսոր Վենարը չթաքցրեց իր ոգեւորությունը՝ ծանոթանալով Ագրարային համալսարանի վերջին երկուսուկես տարվա ձեռքբերումներին ու փոխակերպումներին: Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱԱՀ-ը քայլ առ քայլ կհասնի ագրոտեխնոլոգիական կրթության ու գիտության գերազանցության կենտրոն դառնալու իր նոր տեսլականին:
Ավելորդ չէ նշել նաեւ, որ ՀՖՀ ռեկտորը, որպես գինու մշակույթ կրող երկրի ներկայացուցիչ, բարձր գնահատեց Ի-Վի-Էն գինու ակադեմիայի արտադրած սպիտակ եւ կարմիր գինիները: