Ֆակուլտետի գիտխորհուրդ. եւ՛ ուսանողի բախտն է բերել, եւ՛ ֆակուլտետի

Այսօր՝ հունիսի 1-ին, ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստը մեկնարկեց հաճելի արարողությամբ: Դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, բացելով նիստը նկատեց, թե մայիսը իրադարձություններով եւ ուսանողների նվաճումներով հագեցած ամիս էր: Օրերս ապագա տնտեսագետները համալսարանական ինտելեկտուալ խաղերի հաղթող են ճանաչվել: Մարզական ասպարեզում եւս ակնհայտ են առավելությունները:

Վերջերս կայացավ ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադան՝ «Ռուսաստան՝ սեր առանց սահմանների» վերտառությամբ, որին պատվով մասնակցեց ագրոբիզնես եւ ֆինանսներ մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ելիզավետա Բարսեղյանը: Նա լավագույն տասնյակում էր, որտեղ մրցակիցներից յոթը՝ ռուսական կրթությամբ:

Ռեկտորի հրամանով ՀԱԱՀ պատվոգրեր շնորհվեցին ուսանողուհուն եւ դասախոսին՝ Ռիմա Հովհաննիսյանին: Նա մեր անհուն նվիրումով աշխատող մասնագետներից է, ու պատահական չէ, որ ավանդաբար մեր ուսանողները լավ են հանդես գալիս ռուսերենի օլիմպիադաներում: Տիկին Հովհաննիսյանը նկատեց, որ եւ՛ Ելիզավետայի բախտն է բերել, եւ՛ ֆակուլտետի, երկու կողմն էլ արժանավոր-լավն են:

Ապրիլին կայացավ տնտեսագիտականի ՈՒԳԸ գիտաժողովը, որի աշխատանքները մանրամասն լուսաբանվել են: Հատկանշական է, որ սա միակ բաժանմունքն էր, որտեղ զեկուցումներով հանդես եկան նաեւ մյուս ֆակուլտետների ներկայացուցիչները: Պրոֆեսոր Ղազարյանը կրկին շեշտեց, որ հավանաբար լավագույն աշխատանքները լույս կտեսնեն առանձին պրակով, հնարավորություն կստեղծվեն նաեւ միջազգային հանդեսներում տպագրվելու համար:

Ֆակուլտետային փուլում զեկուցումներով հանդես եկածներին դեկանը շնորհեց հավաստագրեր: Ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց տնտեսագիտականի ՈՒԳԸ նախագահ Ինգա Թորոսյանը: