MATLAB ծրագրի շրջանակում տվյալագիտության ամբիոնի դասախոսները վերապատրաստվել են՝ ուսումնասիրելով գործիքակազմը, մաթեմատիկական եւ ճարտարագիտական հաշվարկների նրբությունները, օրինակների միջոցով ուսումնասիրվել է տարբեր մեխանիզմների աշխատանքը: Նաեւ դիտարկվել է MATLAB-ի Simulink միջավայրը, որի գործիքները հնարավորություն են տալիս ստեղծելու ճարտարագիտական համակարգերի մոդելներ:
Դասընթացը վարել է Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի ANEL լաբորատորիայի աշխատակցուհի Ազատուհի Ուլիկյանը, որը բազմամյա փորձառություն ունի այս ոլորտում:
– Դասընթացը անցավ ակտիվ, բուռն քննարկումներով, բավականին օգտակար էր՝ հետագայում ագրոճարտարագետներին տվյալ կարողությունները փոխանցելու տեսանկյունից: Ամբիոնի դասախոսները մեծ հետաքրքրությամբ էին մասնակցում դասընթացին,- ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուրեն Կոսեմյանը:
Ընթերցողներին հիշեցնենք, որ վերջին ամիսներին մեր համալսարանում վերապատրաստումների համընդգրկուն ալիք է մեկնարկել, որի շնորհիվ ժամանակակից նորագույն մոտեցումները, նորույթները ուսումնասիրելու բացառիկ հնարավորություն են ունեցել գրեթե բոլոր ամբիոնների աշխատակիցները՝ երիտասարդներից մինչեւ փորձառու, կայացած մասնագետներ: