Հանրային առողջության ոլորտում կարեւոր են բոլոր բաղադրիչները:
ՀՀ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ, տնտեսագիտության թեկնածու Վահե Դանիելյանը հնգօրյա (ապրիլի 26-30-ը) վերապատրաստման դասընթաց է իրականացնում, որի շահառուները պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մեր փորձառու դասախոսներն են:
Քննարկման թեման Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ սննդի անվտանգությանը ներկայացվող պահանջներն են: Ավելորդ է ասել, որ հանրային առողջության հետ անմիջականորեն աղերսվող այս հարցերը քննարկվում են նախանձախնդրորեն, մանրակրկիտ: Լսարանում գործին քաջատեղյակ մասնագետներ են՝ առկա խնդիրներով մտահոգ, լուծման ուղիներ որոնող:
Ջրամատակարարում, պարենամթերքի հումք, փաթեթավորում, շենքային պայմաններ (օդափոխություն, սանիտարահիգիենիկ պայմաններ, հանդերձարան). այս ամենը պետք է գրագետ նախագծվի ու լավագույնս համապատասխանի սննդամթերք արտադրող ընկերություններին առաջադրվող պահանջներին:
Ի դեպ, շենքերի մասին: Մեր աշխատակիցները շնորհակալությամբ շեշտեցին, որ հատկապես պարոն Դանիելյանի շնորհիվ էր, որ առարկայական ծրագրերը քննարկելիս վերադարձվեցին արտադրամասերի նախագծման թեմաները: Դրանք ապագա տեխնոլոգների մասնագիտության կարեւոր բաղադրիչներից են:
Թերեւս սա է ճիշտ ճանապարհը, բուհ-արտադրություն-վերահսկողություն եռամիասնությունը պետք է փոխլրացնող եւ անխափան գործի: Նույնիսկ սիրով առլեցուն: