Վերապատրաստումներ․ երբ բնությունը գծուծ է, իսկ դու՝ անուղղելի համառ

Ձորաղբյուրը ծովից բարձր է 1540 մ, կլիման անբարենպաստ՝ չդադարող, ավերիչ ուժով օժտված քամիներով, հողը՝ հող չէ, այլ՝ կավահող: Մի խոսքով, գյուղոլորտին նվիրվել ծրագրող ողջամիտ, հաշվենկատ, շրջահայաց մարդը հեռու կմնար այս տարածքում որեւէ բան նախաձեռնելու մտքից: Բայց Կանաչ արահետ կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանը իր մտահղացումից ետ կանգնելու սովորություն չունի, անգամ՝ երբ ամերիկյան գործընկերներն են հորդորում հրաժարվել այդ արկածախնդրությունից:

– Որքան շատ էին հակափաստարկներն, այնքան ոգեւորությամբ էի գործի անցնում,- տիկին Սարուխանյանը հինգ տարվա հեռավորությունից հանգիստ պատմում է այս նախագծի մեկնարկի մասին,- երբ բնությունը ոչինչ չի տալիս, ուրեմն պետք է աշխատես, ջանաս եւ փորձես օրգանական միջոցներով փոխել պատկերը: Իսկ օրգանականը կապն է մարդու եւ բնության միջեւ:

Անխառն, մաքուր կապը:

Իր հյուրերին՝ բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի աշխատակիցներին, Կանաչ ուսուցման կենտրոնի տիրուհին, նախ կերակրեց՝ հայկական, ավանդական օրենքին համապատասխան: Հետո անցան գործի:

Տիկին Սարուխանյանը կայուն գյուղատնտեսություն թեմայով վերապատրաստման դասընթաց էր պատրաստել հիշյալ ամբիոնի աշխատակիցների համար: Համալսարանում լսարանային ժամերից հետո ամփոփումը եղավ Ձորաղբյուրում:

– Սա ռուկոլան է, հայերեն՝ սորեկը, այսօր շատ պահանջարկված բույս: Անանուխի տեսակներ են, ՀՀ կարմիր գրքում հայտնված խավրծիլն է սա, օրեգանո՝ ամերիկացիները սիրում են, ինչպես մենք՝ համեմը,- ոգեւորված ներկայացնում է տիկին Նունեն։

Ձիթենի, գաճաճ ծառեր, կանադական իրգա, չինական հոն, զանգեզուրյան ալոճ, ծովաբողկ…

– Մեր նպատակն է, օրինակով ցույց տալ, որ փոքրիկ հողակտորից էլ մարդը կարող է եկամուտ ստանալ: Այստեղ ոչ մի բույս պատահական չի հայտնվել: Նույնիսկ դեկորատիվ ծաղիկները աշխատում են՝ պայքարում են վնասատուների դեմ,-ասում է տիկին Սարուխանյանը:

Չորանոցներ, ջերմոց, կոմպոստ ստանալու տարածք, անապահով ֆերմերներին օգնելու նպատակով՝ փոքրիկ խանութ: Հարմարավետ լսարաններ, տաղավար, կացարաններ՝ արտասահմանից՝ Ֆրանսիա, Գերմանիա, ՄԹ, Կանադա, Բրազիլիա, ժամանող ուսանող-կամավորների համար:

Պտույտից հետո, լսարանում քննարկեցին ՀԱԱՀ ուսանողների արդյունավետ փորձուսուցումների կազմակերպման, բազում այլ հարցեր: Վերջում հավաստագրեր տրվեցին մասնակիցներին: Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան Սասուն Մամաջանյանը Նունե Սարուխանյանին շնորհակալություն հայտնեց հետաքրքիր, բովանդակալից դասընթացի համար: