Սիսիանի մասնաճյուղում կգործի գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոն

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրեցին «Սիսիան քաղաքում գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնի ստեղծման» դրամաշնորհային ծրագիրը։

Ագրոտեխնիկական ուսումնական կենտրոնը կհիմնվի ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում։ Նախագծի արժեքը կազմում է 69․971 ԱՄՆ դոլար։ Զարգացնելով գյուղմեքենայացման կրթական բաղադրիչը` կենտրոնը նաեւ շահառու համայնքներին կապահովի բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան նշեց գյուղատնտեսության ոլորտի վճռական դերը Հայաստանի տնտեսության մեջ եւ երկրի պարենային անվտանգության գործում։ Այս առումով նա կարեւոր համարեց այն հանգամանքը, որ նախագիծը միտված է կայուն տարածաշրջանային զարգացմանը եւ համայնքների կենսապայմանների բարելավմանը։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ներկաներին ողջունեց եւ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց համալսարանի աշխատակազմի եւ ուսանողության անունից։ Դրամաշնորհային պայմանագրի ստորագրումը նա համարեց ոչ միայն ագրոտեխնոլոգիական առաջընթացի հերթական օրինակ Ագրարային համալսարանի բարեփոխման ճանապարհին, այլեւ հայ-ճապոնական բարեկամության հերթական դրսեւորում։

«Մենք Ագրարային համալսարանում շատ բարձր ենք գնահատում Ճապոնիայի դեսպանության հետ մեր գործակցությունը, հպարտությամբ ենք մատնանշում վերջին տեխնոլոգիաներով հագեցած նորարարական ջերմատունը, որն այսօր լիարժեք կերպով ծառայում է ուսանողների արդիական կրթության շահերին»,- ասաց պարոն Ուռուտյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով այս նախագծի իրականացման հարցում անձնական հետեւողական ջանքեր ներդրած դեսպան Յամադային։

Ռեկտոր Ուռուտյանը նաեւ խորին շնորհակալություն հայտնեց ճապոնացի բարեկամներին գյուղատնտեսական մեքենասարքավորումների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոնի ստեղծման կարեւորագույն նախագծի իրականացման գործում ունեցած էական օժանդակության համար, մասնավորապես նախագծի նախապատրաստման ամիսների ընթացքում աշխատած դեսպանության եւ համալսարանի համատեղ թիմին՝ Շինիչի Սակումային, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցին, ՀԱԱՀ աջակցության հիմնադրամի տնօրեն Միսակ Ղարագյոզյանին՝ իրենց նվիրված աշխատանքի համար, ինչպես նաեւ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին՝ աջակցության եւ պատրաստակամ համագործակցության համար։ Պարոն Ուռուտյանը նշեց, որ այս ծրագիրը լոկոմոտիվի դեր է ունենալու՝ ներգրավելով Սիսիան քաղաքն ու հարակից գյուղերը։

Նախագծի մեկնարկի առիթով ՀԱԱՀ ռեկտորը առաջնահերթ կերպով շնորհավորեց Սիսիանի մասնաճյուղի ուսանողներին, մասնաճյուղի աշխատակազմին եւ Սիսիանի տարածաշրջանի ֆերմերներին։