Պրոֆեսոր Մարտիրոսյանը տեսադասախոսություն է կարդում թուրքմեն ուսանողների համար

Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը՝ TDH-ը ապրիլի 17-ին անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանի տեսադասախոսությանը, որը նա անցկացրել է Թուրքմենստանի Ս․ Ա․ Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանի ուսանողների համար։ Ըստ TDH-ի, դասախոսությունը կազմակերպվել էր համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է մեր երկու համալսարանների միջեւ 2017թ․-ին, նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։

Տեսադասախոսության թեման էր «Գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրասերման եւ սերմնաբուծության արդի վիճակը եւ զարգացման ուղիները»։ Պարոն Մարտիրոսյանը տեսական նյութն ամրապնդել է այս ոլորտում Ագրարային համալսարանի եւ սելեկցիայով զբաղվող հայաստանյան այլ կառույցների իրականացրած առաջավոր փորձով ու կոնկրետ օրինակներով։ Որպես երկու բուհերի միջեւ բարեկամության նշան, պրոֆ․ Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել թուրքմեն գործընկերներին ուղարկել ՀԱԱՀ-ում մշակված սելեկցիոն նյութեր։ Պրոֆեսորը գործընկերներին հայտնել է, որ Ագրարային համալսարանն ունի սելեկցիոն նյութերի բավականին մեծ ֆոնդ՝ ավելի քան 1500 նմուշներ։

Պրոֆ․ Մարտիրոսյանը հաճույքով ու սպառիչ կերպով պատասխանել է թուրքմեն ուսանողների եւ դասախոսների հարցերին, որոնք բազմազան են եղել՝ սկսած ՀՀ-ում աճեցող հացահատիկային ու ընդեղեն մշակաբույսերի սորտերից, սելեկցիոն տեխնիկաներից ու եղանակներից մինչեւ ՀԱԱՀ-ում կիրառվող դասավանդման մեթոդները։

Հաջողությամբ անցած տեսադասախոսության ավարտին երկուստեք հույս են հայտնել, որ նման դասախոսությունների անցկացումը շարունակական կլինի։