Այսօր՝ ապրիլի 28-ը Աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման համաշխարհային օրն է: Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից հռչակված տոնը նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել աշխատավայրերում անվտանգության եւ առողջության պահպանմանն առնչվող տարաբնույթ հարցերի վրա։ Այն նշում են ավելի քան 100 երկրներում։
ՀԱԱՀ-ի Կենսագործունեության անվտանգության ամբիոնի գործունեությունը անմիջականորեն առնչվում է աշխատանքի անվտանգությանն ու բնակչության առողջության պահպանմանը։ Ամբիոնում իրականացվող ուսումնամեթոդական եւ գիտահետազոտական աշխատանքների շահառուները միայն մեր ուսանողները չեն, այլ նաեւ համալսարանի եւ ամբիոնի հետ համագործակցող հայրենական ու արտերկրի տարբեր կազմակերպությունների բազմաթիվ շահառուներ։
Մեր գործընկերների, մասնավորապես մեր երկրում աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման լիազոր մարմին հանդիսացող ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) հետ գործակցությամբ ամբիոնը մշակում եւ իրականացնում է ոլորտի զարգացմանը միտված հետաքրքիր ծրագրեր։
Թագավարակի համավարակի այս արտասովոր պայմաններում առավել կարեւորվում են աշխատող մարդկանց անվտանգության հարցը թե աշխատավայրում եւ թե դրանից դուրս։
Կենսագործունեության անվտանգության ամբիոնի անունից շնորհավորում եմ մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմին եւ ուսանողությանը եւ առհասարակ բոլոր աշխատավորներին՝ Աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման համաշխարհային օրվա առթիվ եւ մաղթում, որ հնարավորինս շուտ հաղթահարենք համավարակով պայմանավորված ճգնաժամը, վերադառնանք մեր բնականոն գործունեությանը, լինենք անվտանգ ու առողջ։
- 28/04/2020
- 2020