Ագրոնոմիական ֆակուլտետում ամփոփեցին ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ուսանողական 21-րդ գիտաժողովի ժամանակ ներկայացված եւ մրցանակային տեղեր շահած զեկուցումները եւ դրանց հեղինակների կատարած աշխատանքը գնահատեցին դեկանատի համապատասխան պատվոգրերով:
Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հետազոտող ուսանողներին՝ գիտաժողովին արժանապատվորեն ներկայանալու, ֆակուլտետի անունը բարձր պահելու համար: Պարոն Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս տարվա թեմաները հետաքրքիր էին, տարբերվող, ոլորտի կարեւոր հիմնախնդիրներին ու մարտահրավերներին արձագանքող: Դեկանը հաճույքով նշեց, որ աշխատանքներից երեքը անցել են համահամալսարանական փուլ, իսկ զեկուցումներից մեկը կներկայացվի համալսարանից դուրս՝ ԵՊՀ-ում կայանալիք գիտաժողովում: Աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ դեկանի առաջարկներից մեկը վերաբերում էր ուսանողական գիտական ընկերության նիստերի հստակ ժամանակացույց կազմելուն ու դրանով առաջնորդվելուն:
Հավաստագրերը հասցեատերերին հանձնելուց առաջ պարոն Տեր-Գրիգորյանն ասաց. «Հաճելի է արձանագրել, որ կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվել է բավականին տպավորիչ արդյունքներ արձանագրել: Հորդորում եւ խրախուսում եմ ձգտել եւ հասնել ավելի մեծ արդյունքների՝ հաշվի առնելով ձեր մասնագիտական եւ նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու պոտենցիալ կարողությունները, ինչպես նաեւ ֆակուլտետի եւ համալսարանի ղեկավարության գործընկերային պատրաստակամությունը»: