Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության 11 բակալավրի եւ 9 մագիստրանտի (առկա՝ 6 եւ հեռակա՝ 3) ավարտաճառերի պաշտպանությունը, ինչպես եւ սպասվում էր, հաջողությամբ անցավ: Հանձնաժողովը՝ Կադաստրի կոմիտեի Հողաշինարարության բաժնի վարիչ Ռաֆիկ Մինասյանի նախագահությամբ (անդամներ՝ Կոմիտեի ներքին վերահսկողության վարչության հաշվառման վերահսկողության բաժնի պետ Արթուր Ստեփանյան, Կոտայքի մարզային հողային պետական տեսչության պետ Գուրգեն Ավետիսյան, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյան, Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի վարիչ Արայիկ Հակոբյան), աշխատում էր համալսարանում, իսկ ուսանողները իրենց աշխատանքները ներկայացնում էին տնից՝ առցանց:
Ինչպես նշեց Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ Նանե Խուդավերդյանը, արդեն մոտ երկու տասնամյակ ավանդաբար այս ամբիոնի դիպլոմային նախագծերի պաշտպանությունն անցնում է մեծ հաջողությամբ՝ «հաղթական» վերջակետ դնելով գերազանց ուսումնառությանը: «Սովորաբար, ուսանողների ոչ մեծ թվից 5-6 գերազանցիկ լինում է հողշինում: Ու պատահական չէ, որ այսօր մեր շրջանավարտները կայանում են իրենց մասնագիտական ոլորտում, զբաղեցնում բարձր պաշտոններ», – ասում է Նանեն:
Այս տարի նույնպես լավ ավանդույթը չխաթարվեց, եւ այդ մասին վկայեցին նաեւ հանձնաժողովի անդամները։ Ըստ Հողաշինարարության ոլորտի փորձառու մասնագետ Ռաֆիկ Մինասյանի, չնայած բարդ հանգամանքներին, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված։ Ուսանողների մասին պարոն Մինասյանն ասաց․ «Գոհ եմ թե ուսանողների պատրաստվածությունից ու գիտելիքներից եւ թե գիտելիքների մատուցման նրանց ձեւից»: ՀԱԱՀ-ի շրջանավարտ Արթուր Ստեփանյանն էլ հավելեց, որ շատ լավ էին ընտրված աշխատանքների թեմաները՝ արդի, ժամանակին համընթաց ու հետաքրքիր: Նաեւ ցանկություն հայտնեց, որ ուսանողը նախագիծն իրականացնելիս անպայման այցելի այն համայնք, որին նվիրված է աշխատանքը ու տեղում ծանոթանան խնդիրներին, իհարկե այս տարի համավարակով բերումով նրանք ունեին հարգելի արդարացում:
Գերազանցիկ շրջանավարտներից Լուսինեն, որ մինչ բակալավրիատը ՀԱԱՀ-ի քոլեջի շրջանավարտ է եղել նույն մասնագիտությամբ, ասաց, որ էկրանից այն կողմ հուզմունքը լրիվ չքանում էր։ Համեմատելով քոլեջի ավարտաճառի պաշտպանության հետ, համարում է, որ այս անգամ շատ ավելի հանգիստ, անկաշկանդ ու վստահ է պաշտպանել, քան քոլեջում՝ «կենդանի» ելույթի ժամանակ:
«Մեր լավագույններից Անահիտն էլ սկզբում շատ էր նեղսրտել, որ չի կարողանալու սիրելի բուհում, համալսարանական միջավայրում ներկայացնել իր դիպլոմային նախագիծը, սակայն համոզվեց, որ առցանց պաշտպանությունն էլ կարող է անցնել շատ ջերմ մթնոլորտում։ Ընդ որում աշխատանքների նոր, արդիական ու բարդ թեմաների առցանց ներկայացումն ուսանողների համար ի վերջո ավելի հետաքրքիր դուրս եկավ, քան «ավանդական» եղանակը», – ասում է Նանեն:
Ուսանողները շնորհակալություն են հայտնում համալսարանի ղեկավարությանը, դասախոսներին եւ հատկապես դեկան Արման Սիմոնյանին ու ամբիոնի վարիչ Արայիկ Հակոբյանին՝ անգամ այս «հեռավար» ժամանակաշրջանում մշտապես ուսանողների կողքին լինելու, մշտապես աջակցելու եւ հոգատարության համար: