Շփումը հոգեւորի հետ անհրաժեշտ է բոլորին. ՀԱԱՀ-ի թանգարանում բացվել է Էդուարդ Շախիկյանի ցուցահանդեսը

ՀԱԱՀ պատմության թանգարանի տնօրեն  Սյուզաննա Փիլոսյանը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ. հունիսի 10-ին թանգարանում բացվեց անվանի քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Հեղինակի փոքր «կտավի» այս առինքնող, խորիմաստ, նրբագեղ պլաստիկայով աչքի ընկնող գործերը, որ փոքր քանակով են ներկայացված՝ տեղի սղության բերումով, անտարբեր չեն թողնում ոչ մի այցելուի:

Շախիկյանի աշխատանքներից տպավորված էին նաեւ պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը եւ Հրաչյա Ծպնեցյանը: Տիկին Սյուզաննայի ներածական խոսքից հետո նրանք շեշտեցին ուսանողներին արվեստի, հեգեւոր մշակույթի հետ առնչելու անհրաժեշտությունը, որ նույնքան կարեւոր է, որքան մասնագիտական պատրաստվածությունը: Նրանք շնորհակալություն հայտնեցին Սյուզաննա Փիլոսյանին՝ նախաձեռնության եւ պարոն Շախիկյանին՝ իր գործերը մեր համալսարանում ցուցադրելու հնարավորություն ընձեռելու համար:

Էդուարդ Շախիկյանը արվեստասերների հանրությանը առավել հայտնի է իր այնպիսի ստեղծագործություններով, ինչպիսիք են հայկական դրամի հուշարձանը Կենտրոնական բանկի մոտ, նարդի խաղացողի քանդակը Դրամատիկական թատրոնի ետնամասում, «Փրկարարներ» հուշարձանը Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում եւ այլն: Շախիկյանի շատ գործեր պահվում են Հայաստանի եւ արտերկրի մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդի: Հեղինակի «Խորհրդավոր ընթրիք» քանդակը տեղադրված է Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի շենքում:

Ցուցահանդեսը բաց է աշխատանքային օրերին: